Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Կոնգոյի Հանրապետության նախագահ Դենիս Սասու Նգեսոյին։
Կոնգոյի ղեկավարը շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարարին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ անդամակցության կապակցությամբ և հույս հայտնեց, որ նոր կարգավիճակում Հայաստանը առավել կզարգացնի ֆրանկոֆոն աշխարհի հետ իր հարաբերությունները։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և ակտիվացնելու է ձեռնարկվելիք քայլերն այդ ուղղությամբ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, գործարար կապերի հաստատման հնարավորություններին, պայմանավորվածություն ձեռք է բերվել Բրազավիլում և Երևանում ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրել, արտգործնախարարությունների միջոցով քայլեր ձեռնարկել Հայաստանի և Կոնգոյի Հանրապետության միջև տարբեր բնագավառներում համագործակցության խթանման նպատակով։
Էդվարդ Նալբանդյանի և Մարոկկոյի ԱԳ նախարար Սաադ-Էդին Ալ-Օթմանիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները։ Հայաստանի և Մարոկկոյի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների և տարածաշրջանային անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ։
Սաադ-Էդին Ալ-Օթմանին տեղեկացրել է Արևմտյան Սահարայի առնչությամբ Մարոկկոյի մոտեցումների մասին։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի էությունը և դրա կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։
Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Ջիբրիլ Բասոլեի հետ զրույցը նվիրված է եղել միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ իրավական հենքի մշակմանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ակտիվացնելու նպատակով։
Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարար Դանիել Կաբլան Դունկանին։ Նախարարներն արձանագրեցին, որ փոխգործակցության զարգացման ներուժ գոյություն ունի, որը համատեղ ջանքերով ոչ միայն կարևոր է բացահայտել, այլ նաև իրագործել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման, ինչպես նաև համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ։









































