ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը կառավարությանը հայտնել է Google ինտերնետ հսկայի կողմից հակամենիշխանական օրենքի խախտումների մասին:
Ինչպես հաղորդում է Vesti-ն, հանձնաժողովի անդամները փորձել են պարզել, թե ինչպես է աշխատում Google որոնողականը: Փորձագետները կասկածներ ունեն, որ կորպորացիան իր արտադրանքների մասսայականությունն ավելացնում է՝ որոնողական համակարգում նրանց բարձրացնելով առաջին հորիզոնականներ: Իսկ Google-ի մրցակիցների արտադրանքը բարձր հորիզոնականներում շատ հազվադեպ է հայտնվում:
Հանձնաժողովն արդեն 100 էջանոց հատուկ ուղերձ է պատրաստել՝ ներկայացնելու ԱՄՆ կառավարությանը:
Հանձնաժողովի ղեկավար Ջոն Լեյբովիցը խոստացել է, որ Google-ի գործունեության մասին հաշվետվություն կներկայացվի մինչև տարվա վերջ: Այդ ժամանակ էլ կորոշվի՝ սկսե՞լ դատական գործընթաց ընկերության դեմ, թե՞ ոչ: Google-ն արդեն հայտարարել է, որ միշտ պատրաստ է պատասխանել իշխանությունների ցանկացած հարցի:
Նշենք, որ Եվրոպայում նույնպես քննություն է ընթանում ինտերնետ-հսկայի դեմ: Կոմունիկացիաների հարցերով գլխավոր հանձնակատար Խոակին Ալմունիան Google-ը համարում է ագրեսիվ մենիշխանություն: Նա հայտարարել է, որ կորպորացիան փակում է իր մրցակիցների թթվածինը համացանցային որոնման և գովազդի ոլորտներում:









































