Պակիստանի կառավարությունը թալիբների կողմից ծանր վիրավորված դեռահաս ակտիվիստ Մալալա Յուսաֆզային բուժման է ուղարկում Մեծ Բրիտանիա: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները հատուկ ինքնաթիռ է տրամադրել աղջկա տեղափոխության համար. այն այսօր առավոտյան թռել է Իսլամաբադի օդանավակայանից:
Պակիստանի զինվորականների տվյալներով՝ 14-ամյա աղջիկը երկարատև բուժման կարիք ունի՝ ֆիզիկապես և հոգեպես վերականգնվելու համար:
Հիշեցնենք. Մալալան և նրա երկու համադասարանցիները հարձակման էին ենթարկվել դպրոցից վերադառնալիս: Մալալան ճանաչում է ձեռք բերել համացանցում ահաբեկչության դեմ հանդես գալու և հանուն աղջիկների կրթության իրավունքի պայքարելու համար: