Ֆլամանդացի ազգայնականները Ֆլանդրիայում տեղական մարմիններում հաղթանակ տանելուց հետո փաստացի վերջնագիր են ներկայացրել Բելգիայի կառավարությանը` պահանջելով երկիրը վերածել համադաշնության:
Այս մասին այսօր հայտարարել է «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցության առաջնորդ Բարտ դե Վեվերը, ով Անտվերպենում ստացել է ձայների 38 տոկոսը և վերահսկողության տակ վերցրել մեծությամբ երկրորդ քաղաքը:
«Մենք կառավարությանը պահանջ ենք ներկայացրել անհապաղ սկսել բանակցությունները Բելգիան համադաշնության վերածելու համար»,- հայտարարել է նա:
Դե Վեվերն ընդգծել է, որ իր կուսակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆլանդրիայի խոշորագույն կուսակցությունն է, որն «ստացել է ֆլամանդացիների վստահությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար»:
«Նոր ֆլամանդական դաշինքի» առաջնորդը հայտարարել է «Ֆլանդրիայի համար նոր պատմական փուլի սկիզբը»:










































