Նա պահանջում է 1 մլն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 1-ին կայացել է բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հայցի քննությունը` ընդդեմ Ոստիկանության: Նա պահանջում է 1 մլն դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում` իր անմեղության կանխավարկածը խախտելու համար: Մեկ տարի առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը սուտ մատնություն է կատարել, երբ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանին մեղադրել է դպրոցի սանուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Հետագայում, սակայն, պարզվել էր, որ Սուխուդյանը ճիշտ է, նրա նկատմամբ քրգործը կարճվել էր, իսկ մանկապիղծ ուսուցիչը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեւել է մոտ 15 րոպե եւ ապացույցների ուսումնասիրման համար հետաձգվել մինչեւ դեկտեմբերի 15-ը՝ ժամը 11.30-ը: