Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիան ձգտի վերսկսել արցախյան պատերազմը՝ Ռուսաստանի համար տարածաշրջանում լրացուցիչ դժվարություններ առաջացնելու համար: Այսօրվա ասուլիսում նման դիտարկում արեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
Նրա կարծիքով՝ ռուս-թուրքական ռազմավարական հարաբերություններն ապագա չունեն, այս հարաբերություններում լինելու են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ: «Վայրէջքները թող մեզ չուրախացնեն, վայրէջքների պարագան էլ կարող է մեզ համար վտանգավոր լինել: Մենք պետք է սթափ վերաբերվենք այս ամենին: Չարժե չարախնդալ, մեծ սպասելիքներ ունենալ, պետք է ուշիուշով հետևենք իրադարձություններին և փորձենք կանխել մեզ համար վտանգավոր զարգացումները»,- ասաց նա:
Արման Մելիքյանը չբացառեց, որ Թուրքիային փորձեն ներքաշել պատերազմի մեջ Սիրիայի հետ` հավելելով, որ կարող է մրցակցություն ծավալվել, թե որ պատերազմն ավելի շուտ սկսվի: «Որովհետև ով շուտ պատերազմ սկսի, կկանխի երկրորդ պատերազմը: Այսինքն՝ եթե Սիրիայում պատերազմ սկսվի, դա ինչ-որ առումով կարող է կանխարգելել պատերազմի վերսկսումը արցախյան հակամարտության գոտում»,- նշեց նա:









































