ԵՄ-ին Նոբելյան մրացանակի շնորհումը եվրոպական երկրների առաջնորդների մոտ հպարտության զգացում է առաջացրել, բնակչության շրջանում՝ ծաղրուծանակի առիթ դարձել: ԵՄ երկրների սոցիալական կայքերը հեղեղված են քննադատական մեկնաբանություններով, որոնք արդեն սկսել են հրապարակել եվրոպական լրատվամիջոցները:
Ահա մի քանի վառ արտահայտություններ, որոնք մրցանակը շնորհելուց ութ ժամ անց հրատարակել է բելգիական РТБФ հեռուստաալիքը:
«ԵՄ-ն ստացել է Նոբելյան մրցանակ… հետմահու»։
«ԵՄ-ն պարզապես չկարողացավ տնտեսական ոլորտում մրցանակ շահել»:
«Իր բոլոր դիրեկտիվներով հանդերձ՝ ԵՄ-ն բոլոր հիմքերն ուներ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ շահելու»:
«Եթե հումորի բնագավառում Նոբելյան մրցանակ լիներ, այն կտրվեր Նոբելյան կոմիտեին»:
Որոշ հեղինակներ ավելի լայն մտածելակերպ են դրսևորում և արդեն կանխագուշակումներ են անում 2013 թվականի համար՝ Նոբելյան մրցանակը «տալով» այլ կազմակերպությանը. «2013թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է ՆԱՏՕ-ին՝ Հարավսլավիայում, Աֆղանստանում, Սոմալիում և Լիբիայում խաղաղության պաշտպանության համար»: Մնացածներն անցյալ են նայում և կոչ են անում «քանի ուշ չէ մրցանակ շնորհել ԽՍՀՄ-ին, որը «քաջաբար փլուզվեց և դրանով փրկեց աշխարհը սառը պատերազմը ատոմայինի վերածվելու սպառնալիքից»:
Հեգնանքից բացի, եվրոպացիների մեկնաբանություններում շփոթվածություն է երևում. «Մրցանակի շնորհումն այն լրագրողներին, որոնք կյանքի գնով տեղեկացնում են իրականության մասին թեժ կետերից այժմ արդիական չէ, հիմա կազմակերպությունները մեկը մյուսին են մրցանակներ շնորհում»։
Բրիտանական ցանցերում Եվրոպայի նկատմամբ ավանդական սկեպտիկ վերաբերմունքով ավելի հաճախ քննարկվում են հարցի գործնական կողմերը.
«Իսկ ինչպե՞ս կբաժանվեն փողերը։ Կստանա՞մ ես իմ հասանելիքը։ Որպես ԵՄ երկու երկրների քաղաքացի, ես պետք է իմ գումարը երկու անգամ ստանամ»:
«Չի օգնի: Մրցանակը կազմում է 1,4 միլիոն դոլար կամ մեկ միլիոն ֆունտից էլ քիչ, իսկ եվրոպացները 500 հազարն են… ամեն մեկին երկու ֆուտից էլ քիչ կհասնի»։
«Նոբելյան մրցանակ ԵՄ-ին՝ նշանակում է, բոլոր եվրոպացիներն են մրցանակակիր: Իմ ինքնակենսագրության մեջ լավ կնայվի. խաղաղության Նոբելյան մրցանակակիր»:
Երբեմն դրական արձագանքներ էլ են հանդիպում, սակայն դրանց մեծամասնությունն այնքան էլ լավատեսորեն չի հնչում.
«Վաստակած մրցանակ է, ափսոս, որ Ռոբեր Շումանը և Ժան Մոնեն (եվրոպական ծրագրի հեղինակները) վաղուց են մահացել և չեն կարող մրցանակը ստանալ»:
Մեկնաբանությունների մեջ կարելի է հանդիպել նաև այդ որոշման պատճառները հասկանալու լուրջ փորձերի: Այսպես, ITLaw23-ը գրել է. «ԵՄ-ն, իրոք, հսկայական աշխատանք է արել, որպեսզի պահպանի Եվրոպայի խաղաղությունը: Սակայն ես չեմ կարողանում հանել գլխիցս այն միտքը, որ այս մրցանակը տրվել է ոչ թե իրական վաստակի համար, այլ՝ քաղաքական նկատառումներով: Նոբելյան կոմիտեին դուր է գալիս Բարաք Օբաման, և նրա ժողովրդականությունը պահպանելու համար 2009թ. այս մրցանակը նրան շնորհվեց: Նրանք զգում են, որ Եվրոպայի բնակչության մեծամասնությունը կասկածանքների մեջ է, և ուստի կոմիտեն փորձում է նրանց էլ օգնել: Ես դեմ չեմ երկու մրցանակակիրներին էլ: Սակայն մրցանակը պետք է շնորհվի ոչ թէ «մեզ դուր է գալիս այս մարդը, նրա կերպարը, մտածելակերպը, այդ պատճառով էլ նրան կշնորհենք մրցանակը» սկզբունքով, այլ մրցանակը պետք է շնորհվի իրական պատմական վաստակի համար»:
Ավելի դաժան են Եվրոպայի հարավային, տնտեսական ճգնաժամ ապրող պետություններից ստացված մեկնաբանությունները: Օրինակ հույները մեկնաբանում են կոմիտեի որոշումը շատ զգացմունքորեն և առանց հումորի.
«Սխալ է, ահավոր սխալ»:
«Իսպանիան փլուզվում է, Իտալիան փաստացի բաժանված է երկու մասի, Հունաստանը… վախենում եմ նույնիսկ մտածեմ, թե ինչ կլինի այստեղ: Ո՞վ կմնա մրցանակը ստանալու»:
«ԵՄ-ն, որը մրցանակ է ստացել, գոյություն ունի ինչ–որ հեռավոր, հրաշալի աշխարհում»:
Այս բարկության և շփոթմունքի անանուն ալիքն արդեն սկսել են շահագործել կոնկրետ անուններով եվրասկեպտիկները, պոպուլիստներն ու ազգայնականները: Այսպես, բրիտանական Անկախ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը մրցանակը համարում է «անպատվություն»: «Մի՞թե նրանք չեն կարողանում բացել աչքերը և տեսնել բողոքների ալիքները, որոնք լցրել են ամբողջ Եվրոպան՝ Մադրիդից մինչև Աթենք»,- ասել է նա: Հոլանդացի պոպուլիստ Վիլդերսը գրում է. «Նոբելյան մրցանակ Բրյուսելին, երբ ԵՄ-ն գահավիժում է աղքատության անդունդը: Ի՞նչ է դեռ սպասվում»:
Իր կարծիքն է արտահայտել նաև ֆրանսիացի ծայրահեղ ազգայնական Մարին Լե Պենը. «Սա ուղակի սկանդալ է: ԵՄ-ի առաջնորդները իսկական տնտեսական և սոցիալական պատերազմ են սկսել եվրոպական ժողովուրդների դեմ»:
Ուշագրավ է, որ հենց այնպիսի ծայրահեղական քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Ֆարաջը, Վիլդերսը կամ Լե Պենը, ճգնաժամի աճման պայմաններում զգում են իրենց ժողովրդականության աճը: Այս փաստը նույնպես ակտիվ կերպով քննարկվում է եվրոպական ֆորումներում:
«Ինչպես կարելի է խաղաղության մրցանակ տալ Եվրոպային, որտեղ արագ տեմպերով աճում է քսենոֆոբիան, ազգայնամոլությունն ու պոպուլիզմը»,-հարց է տալիս բելգիական Suara-ի ընթերցողներից մեկը:











































