Երեկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրեն և ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի միջև մեծ տարբերություն կա. «Նմանությունը գիտեք ինչումն է` ես էլ եմ քաղաքական գործիչ, Օսկանյան Վարդանն էլ է քաղաքական գործիչ, երկուսին էլ զրկել են անձեռնմխելիությունից: Բայց մեզ շատ պարզ բանի համար են զրկել: Ընտրությունների ժամանակ մենք հաղթեցինք, մենք այնտեղ չափառ ջարդեցինք, կռիվ եղավ, այսինքն՝ զուտ քաղաքական խնդիր էր: Այս դեպքում հիմքում ընկած է նաև ֆինանսական հարց: Ես որպես դատավոր չեմ ուզում խառնվել հիմա` ով էր ճիշտ, ով ճիշտ չէր, բայց քաղաքական դաշտում միշտ էլ այդ ֆինանսական հարցերի համար այդպիսի պրոբլեմներ լինում են: Շիրակի հետ էլ եղավ, Գերմանիայի կանցլերի հետ էլ եղավ, Բեռլուսկոնիի հետ էլ էր լինում: Բոլոր քաղաքական գործիչների հետ այդ ֆինանսական հարցերը հիմնականում կապված են լինում ընտրություններին ոչ օրինական գումարներ վերցնելու և նման թեմաներով, ստանդարտ մի դաշտ է: Իմը ստանդարտի մյուս դաշտից էր, բայց նմանությունը միայն այն է, որ քաղաքական գործչին զրկեցին անձեռնմխելիությունից: Նմանությունը միայն դա է»:
Թերթի հարցին` բայց ձեզ երկուսիդ էլ քաղաքական դրդապատճառներով են, չէ՞, զրկել անձեռնմխելիությունից` պարոն Մանուկյանը պատասխանեց. «Քաղաքական դրդապատճառ ես ընդունում եմ մենակ այն դեպքում, երբ մարդը մեղք չի գործել, քաղաքական դրդապատճառով ինչ-որ բան ես անում: Բայց այստեղ պարզ էլ չէ` մարդը մեղքը գործե՞լ է, թե՞ չի գործել: Համենայնդեպս, պաշտոնական տվյալներով՝ ոնց որ թե սխալներ արել է: Ես, օրինակ, գտնում եմ, որ Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել: Ինքը պիտի վեր կենար, ասեր` հա, իսկապես, ոնց որ թե բաց երևում է, իսկապես այս գումարը այս հաշվի վրա պիտի չլիներ, այն հաշվի վրա պիտի լիներ: Սխալվել եմ, ներողություն, եթե սխալի համար պատիժ կա, տուգանք բան պիտի վճարեմ, հարկեր կվճարեմ, անձեռնմխելիությունից ուզում եք զրկե՞ք` կարիքը չկա, բայց եթե ուզում եք` ես եմ դիմում` ինձ անձեռնմխելիությունից զրկեք, ի՞նչն է պրոբլեմը: Ի՞նչն է պրոբլեմը, իրեն պիտի տանեին, անօրինական բա՞նտ նստեցնեին: Ինքը եթե բաց ձևով գնար, այսպես աղմուկ չէր բարձրանա: Ի՞նչ է, դուք մտածում եք՝ իրեն պիտի բռնեին, նստեցնեին, հետո մենք պիտի պերեդաչի՞ տանեինք Օսկանյանին: Չէ, էլի»:









































