Ուկրաինայի տարածքում կործանվել է ռուսական սևծովյան նավատորմին պատկանող ռազմական ինքնաթիռը` Бе-12-ը, որն իրականացնում էր ուսումնավարժական թռիչք: Այդ մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ինքնաթիռը կործանվել է Ղրիմի թերակղզու հարավ-արևմուտքում գտնվող, Սևաստոպոլից 50 կմ հեռավորության վրա տեղակայված Կաչա օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Արդյունքում անձնակազմի 3 անդամները զոհվել են, իսկ մեկը վնասվածքներ է ստացել և այս պահին գտնվում է հիվանդանոցում:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ավիավթարի տարածքը շրջապատված է, լույսը բացվելուն պես քննիչները սկսելու են իրենց աշխատանքը: Առաջիկայում նախատեսվում է հարցաքննել տեխնիկական անձնակազմին, ովքեր մասնակցել են թռիչքի նախապատրաստման աշխատանքներին, ինչպես նաև թռիչքը ղեկավարող ղեկավար անձանց:
Ավելի վաղ հաղորդվող տեսակետներից մեկի համաձայն՝ դեպքը տեղ է ունեցել տեխնիկական խափանման պատճառով:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ այդ տեսակի թռիչքները դադարեցված են մինչև վթարի պատճառների հայտնաբերումը:











































