Երեկ «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` Օսկանյանի գործի հիմքում ի՞նչն է ընկած՝ ՀՀԿ-ԲՀԿ ինչ-ինչ պայմանավորվածություննե՞ր, թե՞ իսկապես ՀՀԿ-ն կոալիցիա կազմելուց հրաժարվելու համար Օսկանյանի միջոցով պատժում է ԲՀԿ-ին: Պարոն Սաֆարյանն ասաց.
«ԱԳ նախկին նախարարի գործի իրավական ասպեկտները մի կողմ թողնելով, որոնք անգամ ինքը` Օսկանյա նը, չկարողացավ ամբողջովին հերքել ԱԺ-ում, մնացած ամեն ինչը` այդ գործի ողջ խաղարկումը քաղաքականացված է, և այս կտրվածքով ուղղակի Սերժ Սարգսյանը նախագահի թեկնածուների շարքից հանեց մեկին, ով առաջիկա ընտրություններում ֆավորիտներից մեկն էր համարվում և կարող էր մնացած թեկնածուների ֆոնին արգումենտացիայի առումով ավելի նախընտրելի լինել: Ինչպես նաև փաստացիորեն Սերժ Սարգսյանը նրան այս վիճակի մեջ բերելով` ցույց տվեց իր ուժը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Ես կարծում եմ, որ Ազգային ժողովում քվեարկության արդյունքները և հենց ինքը` քվեարկությունը նախևառաջ դրա մասին էին: Եվ վերջապես՝ այս քայլով Սերժ Սարգսյանը բարդ վիճակի մեջ դրեց Գագիկ Ծառուկյանին՝ կողմնորոշվելու թեկնածության առաջադրման հարցում, ինչպես նաև կարողացավ մի փոքր լարվածություն մտցնել Ծառուկյան-Քոչարյան հարաբերություններում»:
Թերթի ճշգրտող հարցին` այսինքն, ելնելով Ձեր ասածներից, ենթադրվում է, որ Դուք չե՞ք համարում, թե այս պատմությունը ՀՀԿ-ԲՀԿ ներքին պայմանավորվածություն էր, խաղ էր, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` ոչ կարող եմ պնդել, ոչ կարող եմ հերքել նման բանի հնարավորությունը: Բայց մի բան ակնհայտ է` Օսկանյանն արդեն շատ լուրջ խնդիրներ էր հարուցել ԲՀԿ-ի համար, գլխացավանք էր դարձել: Եվ այս առումով, թե էլ ում շահերից էր բխում, որ նա դուրս բերվի նախագահացուների ցուցակից, չեմ կարող ասել: Անշուշտ, կան որոշ շահեր, և չգիտեմ` բոլորը միասին պայմանավորվա՞ծ նրան հանեցին դաշտից, թե՞ Սերժ Սարգսյանը մենակ արեց»: Հիշեցնելով պարոն Սաֆարյանին, որ երեկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծիք էր հայտնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուն Գագիկ Ծառուկյանը կլինի, թերթը հետաքրքրվեց, թե ըստ նրա` ինչպիսի՞ն է այդ հեռանկարի հնարավորությունը: «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց. «Գագիկ Ծառուկյանի առաջադրման հավանականությունն ավելի մեծ է, քան որևէ այլ թեկնածուի առաջադրումը»: Այսինքն` ամեն դեպքում, կարծում եք, որ ԲՀԿ-ն իր սեփական թեկնածուո՞վ կգնա ընտրությունների` այս հարցին էլ պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` այո»:











































