ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորել է «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլուն և նրա թիմին հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Ինչպես իր Facebook-ի էջում գրել է Իվանիշվիլին, իր և Քլինթոնի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Հաղորդագրության համաձայն` խոսակցության ընթացքում կողմերն ընդգծել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը:
«Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել է Բիձինա Իվանիշվիլուց նրա ձգտման համար` ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը: Իր կողմից Բիձինա Իվանիշվիլին նշել է ԱՄՆ-ի գլխավոր ներդրումը Վրաստանի ժողովրդավարության զարգացման մեջ»,- նշվում է հաղորդագրությունում:
Դրա հետ մեկտեղ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո նախատեսում է նախևառաջ այցելել ԱՄՆ:








































