Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2014 թ., ինչպես որ նախատեսվում էր: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Քաբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Քարզայը հերքել է այն լուրերը, թե ինքը պատրաստվում է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, որպեսզի կարողանա նոր ժամկետով առաջադրվել:
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի թեմային՝ Քարզայը հայտարարել է, որ արևմտյան երկրների դիրքորոշումը հիմնվում է «երկակի ստանդարտների» վրա: Աֆղանստանի նախագահի խոսքերով՝ օտարերկրյա զորքերն Աֆղանստան են մտցվել ահաբեկչության դեմ պայքարի համար, սակայն արևմտյան տերությունները բավարար ջանք չեն գործադրում ահաբեկչության դեմ պայքարի համար այն երկրներում, որտեղ գտնվում են ահաբեկչական կազմակերպությունների արմատները:






































