Սիրիայում շարունակվող զինված հակամարտության ֆոնին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է սիրիացի փախստականների վիճակով և խնդրում է հարևան պետություններին նրանց աջակցություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Շուրջ 1,2 մլն սիրիացիներ ստիպված են եղել լքել իրենց տները շարունակվող հակամարտության պատճառով, նրանցից ավելի քան 294 հազարը դուրս է եկել երկրի սահմաններից: Այս մասին ասված է իտալացի խորհրդարանական Ջակոմո Սանտինիի զեկույցում:
ԵԽԽՎ-ն Սիրիայում հակամարտող կողմերին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել, դիմել Եվրոպայի խրհրդի երկրներին՝ փախստականներին օգնելու խնդրանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հարևան Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում և Իրաքում ապաստանած սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 311,5 հազարը: Այս մասին երեկ բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամլո քարտուղար Էդրիան Էդվարդսը:
«Այսպիսով՝ 3 ամսում հարևան 4 երկրներում ապաստանած Սիրիայի քաղաքացիների թիվը աճել է 3 անգամ. հունիսին նրանց թիվը 100 հազար էր»,- ասել է Էդվարդսը:
Խոսքը միայն ցուցակագրված փախստականների մասին է, իսկ նրանց իրական թիվը կարող է հասնել 500 հազարի:









































