Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ այսօրվա կառավարության նիստում հայտարարել է, որ այդ համաձայնագիրը ԱՊՀ երկրների առջև նոր հնարավորություններ կբացի: Այս մասին տեղեկացնում է RBK-ն:
«Համաձայնագիրը բացում է ազատ առևտրի մեծ հեռանկարներ վիթխարի տնտեսական տարածքում: Միայն 2011 թվականին ԱՊՀ երկրների միջև ծառայությունների և ապրանքների առևտուրը կազմել է ավելի քան 70 մլրդ դոլար»,- նշել է Ուկրաինայի վարչապետը:
«Համաձայնագիրը մեր երկրների առջև բացում է նոր հնարավորություններ, այն կարևոր փուլ է` նոր մակարդակով և նոր իրավական հիմքով մեր պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման ճանապարհին»:
Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը հիշեցրել է, որ անցած շաբաթ Յալթայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստ: Գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է 23 հարց, որոնք առնչվել են ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության տարբեր ասպեկտներին:










































