«Արտառոց բան չեմ տեսնում Վարդան Օսկանյանին մանդատից զրկելու հարցում: Սա նույն մեխանիզմն է, որով համակարգը գործում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավապաշտպան, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա` Օսկանյանը համակարգի կարկառուն դեմքերից մեկն է, որի դեմ, սակայն, նույն մեթոդով գործեցին:
Ալավերդյանը նկատեց, թե համակարգն այնպիսին է, որ «հերթական պտույտին իրենք են հայտնվում ճզմող համակարգի անիվի տակ»: Լարիսա Ալավերդյանը նշեց, թե ակնհայտ է, որ Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Թեև միշտ չէ, որ նմանօրինակ հետապնդումները բացասական ազդեցություն են ունենում, քանի որ դրանից հաճախ բարձրանում է քաղաքական գործչի վարկանիշը, սակայն իրավապաշտպանը կարծում է, որ սա խաղ չէ:
«Օսկանյանի հետ տեղի ունեցածը խաղ չէ, անգամ եթե դա բերի ռեյտինգի բարձրացմանը: Ցավոք, դա իշխանությունների ապաշնորհ գործողությունների մասին է խոսում: Դա նշանակում, որ մի քանի գերատեսչությունների ղեկավարներ տեղում չեն, որոնք ամեն անգամ նման մեթոդներով երկրի իմիջի վրա ստվեր են գցում»,- ընդգծեց Ալավերդյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ նշեց, որ հարուցված քերական գործի նպատակը Վարդան Օսկանյանին՝ որպես քաղաքական գործչի, ոչնչացնելն է:
«Հայաստանում դատական իշխանություն չկա, ցավալիորեն, ոչ մի գերատեսչություն անկախ չի գործում: Ցանկացած գերատեսչություն հրանհանգներ է ստանում մեկ կենտրոնից` նախագահից: Առանց վերևի ցուցումի՝ դատախազությունը նման գործ չէր հարուցի»,- կարծում է Ավետիք Իշխանյանը: Նա նաև նշեց, որ եթե ԲՀԿ-ն հայտարարեր, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Օսկանյանի հանդեպ այդ հետապնդումը չէր լինի:
Իշխանյանն արձանագրում է, որ իշխանությունները պրոֆիլակտիկ գործողություններ են անում, որ հետընտրական փուլում լարվածությունը թուլանաա: Իսկ հետագա զարգացումները կախված են նրանից, թե հետագայում ինչ դիրք կզբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:








































