Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանում մանկական աղքատությունը շարունակում է մնալ առաջին տեղում: Հայաստանում ավելի քան 300 հազար երեխաներ շարունակում են ապրել աղքատության մեջ, որից ավելի քան 27 հազարը` ծայրահեղ աղքատության մեջ:
Աղքատության պատճառով հազարավոր երեխաներ ստիպված են դպրոց հաճախելու փոխարեն աշխատել: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե ՀՀ-ում երեխաների որ տոկոսն է աշխատում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) տրամադրած տվյալների՝ 2008-ին անցկացված սոցհարցումը ցույց է տվել, որ ՀՀ-ում երեխաների 4 %-ն աշխատում է սահմանվածից շատ՝ անտեսելով կրթությունը. «Օրենքով երեխաները նույնպես կարող են աշխատել, եթե դա չի վտանգում նրանց առողջությանը և սովորելու իրավունքին»,- ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աարենսը:
Մեզանում ծայրահեղ աղքատության մակարդակը 26.4 % է, մինչդեռ, ըստ ԱՎԾ-ի տվյալների, 4 և ավելի ընտանիքներում աղքատության մակարդակը հասնում է մինչև 71 տոկոսի:
Հենրիետ Աարենսն ասաց նաև, որ ՀՀ-ում երկրորդ խոցելի խումբը հաշմանդամ երեխաներն են. «Այժմ կան շուրջ 8 հազար գրանցված հաշմանդամ երեխաներ, որոնց մեծ մասը դպրոց չի հաճախում: Այս երեխաների շուրջ 5 տոկոսը ապրում է ծայրահեղ աղքատության մեջ»:









































