Այս օրերին ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող իրադարձությունները չպետք է դիտարկել որպես սուր քաղաքական ինտրիգ: Եթե հարցն իրավական դաշտում է, ապա դրան պետք է տրվի իրավական լուծում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող գործողությունների վերաբերյալ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Նա նկատեց, որ այս գործի իրավական և քաղաքական կատեգորիաներն իրարամերժ են, իրար հակասում են, ուստի պետք է հստակեցնել այս գործողությունների ծավալման իրական դաշտը: Ըստ Ա. Սեդրակյանի՝ դա հնարավոր է միայն պլանաչափ և բաց քննության միջոցով, ընդ որում, նրա համոզմամբ, սա այն դեպքն է, որտեղ քննությունը պետք է փակ չլինի հանրության համար, մարդիկ պետք է կարողանան վերջիվերջո հասկանալ այս խճճված գործի իրական էությունը: Այս դեպքում միայն, քաղաքագետի խոսքով, հնարավոր կլինի արդեն լիակատար և լիարժեք արձագանքել իրադարձությանը:
Հարցին՝ այս օրերին ծավալվող զարգացումներն ի՞նչ նոր իրավիճակ կարող են ձևավորել քաղաքական դաշտում, քաղաքագետը պատասխանեց, որ նոր քաղաքական իրավիճակներ ձևավորվում են երկու պարագայում: «Առաջինը՝ երբ խիստ վնաս է հասցվում հանրային շահին և երբ կատարվում են խիստ հակաիրավական, հակամարդկային գործողություններ որևէ անհատի նկատմամբ և հասարակությունը կանգնում է պաշտպանելու նրան: Ներկա դրությամբ, քանի որ խոսք չի գնում Վարդան Օսկանյանի նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու մասին, խոսքն ընդամենը քննության մասին է, ես չեմ կարծում, որ ներկա իրավիճակով ինչ-որ արմատական փոփոխություններ կարող են լինել»,- մեկնաբանեց Անուշ Սեդրակյանը՝ շարունակելով, որ Հայաստանում պետք է մտնի իրական մեղքի համար պատժելիության համակարգ բոլորի համար: Բայց քանի դեռ այս դեպքում հարցը բաց է, նրա կարծիքով, հստակ կարծիք հնարավոր չէ հայտնել:
Անդրադառնալով տարաբնույթ տեսակետներին, թե Վարդան Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում կամ նրան փորձում են ներկայացնել, որպես ընդդիմություն՝ ասաց, որ ընդդիմություն տանող մեխանիզմը պետք է հիմնված չլինի շոկային թերապիայի վրա: Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Հայաստանում ընդդիմություն տանող մեխանիզմը, որպես կանոն, հիմնվում է կամ շոկային թերապիայի, կամ պայմանավորվածությունների համակարգի վրա:
«Հիմա վերջապես ժամանակն է եկել, որ ընդդիմություն տանող մեխանիզմը հիմնավորված լինի քաղաքական համոզմունքի և քաղաքական հստակ պլատֆորմի վրա: Դրա համար, եթե դա անգամ ընդդիմություն տանող մեխանիզմ է, ըստ որոշ որակումների, ապա դա սխալ և անընդունելի մեխանիզմ է»,- պարզաբանեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Նշենք, որ այսօր Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին իբրև մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի քվեարկությունը: ԱԺ 129 պատգամավորներից 71 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը, 64 կողմ և 6 դեմ քվեարկության արդյունքում բավարարվեց Վարդան Օսկանյանին, որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը:










































