Արևմուտքը տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահամդինեժադը:
Իրանի նախագահը Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցներն անվանել է «մոլորակային մասշտաբի թաքնված և ծանր պատերազմ»:
«Սա ճակատամարտ է: Նրանց հաջողվեց որոշակի չափով կրճատել մեր նավթի արտահանումը, բայց մենք պատրաստվում ենք փոխհատուցել դա»,- նշել է նախագահը` չհստակեցնելով, թե ինչ կերպ է պատրաստվում փոխհատուցել կորուստները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը համոզված է այն բանում, որ Իրանի դեմ միջազգային ճնշումը դրական դեր է խաղում իրանական միջուկային խնդրի լուծման համար:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրանական արժույթի՝ ռիալի գինը դոլարի հանդեպ նվազել է մինչև նոր առավելագույն մակարդակ՝ չնայած ռիալի փոխարժեքի ամրապնդման ուղղությամբ Իրանի կառավարության գործադրած ջանքերին:








































