Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը և Гражданские самолеты Сухого ընկերությունը համաձայնության են եկել SSJ100 (MSN 95007) օդանավի շահագործման հարցերի շուրջ: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին ավիաընկերության լրատվական ծառայությունից, կողմերը ստորագրել են վարձակալության մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի մաքսային պահանջների և ֆինանսական պարտավորությունների կատարումից հետո:
Առաջիկայում «Արմավիան» կվերսկսի օդանավի շահագործումը: «Արմավիայի» և ГСС-ի միջև վարձակալության մասին պայմանագիրը կգործի 6 ամիս, որից հետո կողմերը կրկին կհանդիպեն և կքննարկեն հետագա անելիքները:
«Արմավիա» ավիաընկերության MSN 95007 օդանավը գտնվում էր Մոսկվայի շրջանի Ժուկովսկի քաղաքում, ГСС-ի ամառային փորձարարական կենտրոնում, որտեղ անցել է տեխնիկական ստուգում, և այսօր՝ հոկտեմբերի 2-ին ժամանել է Երևան:
Ավիաընկերությունից հայտնեցին նաև, որ կողմերը բանակցում են երկրորդ օդանավի (MSN 95021) շուրջ, որն ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում ստեղծվել էր «Արմավիայի» համար և նույնպես գտնվում է ГСС-ի ամառային փորձարարական կենտրոնում:
Հիշեցնենք, որ տեխնիկական անսարքության պատճառով ռուսական Sukhoi Superjet 100-ը վերջերս ստիպված էր եղել ընդհատել Մոսկվա-Դոնեցկ թռիչքը և վերադառնալ Շերեմետևո օդանավակայան. տեխնիկական խնդիրներ էին առաջացել, և ցուցիչ սարքը տագնապի ազդանշաններ էր հնչեցրել: SSJ-100-ի հերմետիկությունը խախտվել էր օգոստոսի սկզբին ՌԴ Չեբոկսարի քաղաքի վերևում: Դրանից առաջ՝ մայիսի 9-ին, Ինդոնեզիայում կրկին տեխնիկական խնդիրների պատճառով նույն օդանավը ցուցադրական իր 2-րդ չվերթի ժամանակ կործանվել էր՝ դառնալով շուրջ 40 մարդու մահվան պատճառ:
«Արմավիա»-ն այս տարվա օգոստոսին հայտարարում էր, թե հրաժարվել է Sukhoi Superjet 100 օդանավի հետագա շահագործումից և այլևս ցանկություն չունի ետ վերցնել ռուսական օդանավը, որը հանձնվել էր «Гражданские самолеты Сухого» ընկերությանը՝ վերանորոգման համար: Հայտարարվեց, որ օդանավը տնտեսապես ոչ շահավետ է:
«Արմավիա»-ն ռուսական ГСС-ի հետ երկու SSJ-100 օդանավ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիրը կնքել էր 2010 թ-ին, առաջին օդանավը ընկերությունն սկսել էր շահագործել 2011թ., իսկ երկրորդը պետք է Հայաստան ժամաներ 2012թ. երկրորդ կեսին, սակայն դրանից «Արմավիա»-ն նախապես էր հրաժարվել:










































