Ֆրանսիայում դադարեցվել է ենթադրյալ խմբակային բռնաբարության գործի հետաքննությունը, որում ներգրավված էր ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոս-Կանը: Համապատասխան որոշումն այսօր կայացրել է Լիլ քաղաքի դատախազությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Գործի հետաքննությունն սկսվել էր Լիլում` այս տարվա մայիսին: Քննիչները պարզում էին 2010թ. Վաշինգտոնում փակ երեկույթներից մեկի ժամանակ դեպքի մանրամասները, որին ուղղակիորեն առնչվում էր Ստրոս-Կանը: Վերջինս այն ժամանակ զբաղեցնում էր ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնը:
Գործ հարուցելու հիմքը ծառայության երկու աշխատակցուհիների վկայություններն էին, որոնք պնդում էին, թե իրենց գործընկերուհիներից մեկը բռնաբարության է ենթարկվել 2010թ. դեկտեմբերի 16-ին` Վաշինգտոնում, հյուրանոցներից մեկում:
Նշված հանցագործությանը առնչություն ունենալու մեջ կասկածվում էին անձամբ Ստրոս-Կանը և նրա մերձավոր շրջապատի անդամները:
Մի քանիամսյա հետաքննությունից հետո Լիլի դատախազ Ֆրեդերիկ Ֆևրը այսօր որոշում կայացրեց փակել գործը, քանի որ բռնաբարության մասին պնդող նախկին վկաներից մեկը հրաժարվել է իր վկայությունից: Այսպիսով` դատախազությունը աննպատակահարմար էր համարել շարունակել գործի քննությունը:









































