Հայ ազգային կոնգրեսը հաղորդագրություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«1. Նկատի ունենալով, որ Վարդան Օսկանյանին ներկայացվող մեղադրանքների մասին ՀՀ իրավապահ մարմինները տեղյակ են եղել 1,5-2 տարի առաջ, իսկ քրեական գործը հարուցել են 2012թ. մայիսի վերջին՝ այն բանից հետո, երբ Օսկանյանն սկսել էր զբաղվել ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ, ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ՝ անկախ ներկայացված միջնորդագրի իրավական հիմնավորվածությունից կամ չհիմնավորվածությունից։
2. Սա նաև Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի հիմնած հանցավոր այն պրակտիկայի դրսևորման մի նմուշ է, երբ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքում բոլոր պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների, գործարարների վերաբերյալ՝ ոչ թե օրինականության և օրենքի առջև պատասխանատվության ապահովման, այլ իրենց նախընտրած պահին դրանք քաղաքական կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
3. Ըստ էության, դատախազն իր այս միջնորդությամբ փորձում է ամրապնդել պատգամավորների նկատմամբ իշխանությունների հրահանգով կիրառվող այն արատավոր ավանդույթը, որի նախադեպը ԱԺ չորս պատգամավորների՝ Սասուն Միքայելյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի նկատմամբ գործադրված ապօրինի ու աղաղակող քաղաքական հետապնդումն էր։ (Ի դեպ՝ այս չորս պատգամավորների հարցով Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը պատրաստվում է ԱԺ-ում հանդես գալ առանձին մի նախաձեռնությամբ)։
4. Եվ ընդհանրապես, նկատի ունենալով, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այն անձն է, ում անվան հետ են կապվում Հայաստանում տեղի ունեցող բոլոր հակաօրինական հետապնդումները, շինծու քրեական գործերի ու մեղադրանքների հարուցումը, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործի տապալումը, Մարտի 1-ի 10 սպանությունների չբացահայտման և մեղավորների պարտակման փաստը, Կոնգրեսի խմբակցությունը որևէ վստահություն չի տածում դատախազի ո՛չ պրոֆեսիոնալ, ո՛չ բարոյական որակների նկատմամբ։
5. Ելներով այս ամենից՝ «Հայ ազգային կոնգրեսի» խմբակցությունը ամբողջ կազմով չի մասնակցի քվեարկությանը»։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը ՀԱԿ-ից կմասնակցի Նիկոլ Փաշինյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































