Շաբաթ օրը ԿԸՀ-ն որոշել է, nր Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 և Գյումրիի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքներում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերի 2-ին:
Այս ընտրատարածքների մանդատները թափուր են մնացել Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից և Սամվել Բալասանյանի Գյումրու քաղաքապետ դառնալուց հետո: Նոր ընտրություններում թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 8-ից 18-ը, իսկ թեկնածուների գրանցումը նախատեսված է հոկտեմբերի 18-ից 28-ը:
Երկու ընտրատարածքներում էլ ՀՀԿ-ն անպայման սեփական թեկնածուներն է առաջադրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս խոսքով, առայժմ որոշված չէ, թե որ ընտրատարածքում կոնկրետ ում թեկնածությունն է ՀՀԿ-ն առաջադրելու: Այս հարցն, ըստ Շարմազանովի, ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել: Սակայն, մյուս կողմից «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանն օրերս լրագրողների հետ զրույցում ասել է, որ մտադիր է թիվ 35 ընտրատարածքում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս այս տարվա մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Գյումրին ընդգրկող մյուս` 34-րդ ընտրատարածքում, բայց պարտություն կրեց, քանի որ այս ընտրատարածքից պատգամավոր դարձավ ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանը: Այսինքն, ՀՀԿ-ն գործնականում պետք է լուծի միայն թիվ 1 ընտրատարածքի թեկնածուի հարցը, քանի որ թիվ 35-ի իրենց թեկնածուի անունն արդեն իսկ հայտնի է:
Ի տարբերություն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ում դեռ չեն որոշել` թափուր երկու մանդատների համար ընտրություններում թեկնածուներ առաջադրելու են, թե` ոչ: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ և նույն կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը կուսակցությունում դեռ չեն քննարկել, և դժվարացավ որոշակիացնել, թե երբ է հնարավոր, որ քննարկեն ու որոշում կայացնեն:
ՀՅԴ-ում էլ խոստանում են, որ իրենց կուսակցության տեսակետը պարզ կլինի հոկտեմբերի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ի դեպ, Վարդանյանի նշած ժամանակահատվածը թիվ 1 և 35 ԸՏ-ներում պատգամավորության թեկնածուներ առաջադրելու տասնօրյակն է:
Այս պահին հստակ է նաև, որ թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվելու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:








































