Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունն Անկարային կոչ է արել կարգավորել հարաբերությունները պաշտոնական Բաղդադի հետ: Այս մասին նշված է Բարզանիի վարչակազմի պաշտոնական կայքում.
«Թուրքիան կարևոր երկիր է միջազգային մակարդակում: Մենք հուսով ենք, որ շուտով կկարգավորվեն նրա հարաբերություններն Իրաքի հետ: Ներկայումս տարածաշրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն անհրաժեշտ է դրանք լուծել խաղաղ ճանապարհով»:
Ներկայումս թուրք-իրաքյան հարաբերություններում շարունակում է պահպանվել լարվածությունը: Օրեր առաջ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին մերժեց Թուրքիա այցելելու Ռեջեփ Էրդողանի հրավերը: Մալիքին Թուրքիային շարունակ մեղադրում է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի օգոստոսյան այցը Քիրքուք էլ ավելի սրեց թուրք-իրաքյան հարաբերությունները:









































