Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժը լրագրողներին ցույց է տվել, թե ինչպիսի պայմաններում է ինքը ապրում Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որն իրեն ապաստան է տվել: Այս մասին հաղորդում է Daily Mail թերթը:
«Սա մի քիչ նման է կյանքի տիեզերական կայանում»,- ասել է Ասանժը լրագրողներին:
Ինչպես համոզվել են լրագրողները` Ասանժը ապրում է առանց պատուհանի սենյակում, իսկ անկողնու փոխարեն քնում է գետնին գցված ներքնակի վրա: Սենյակի միակ կահույքը աշխատելու համար նախատեսված փոքրիկ սեղանն է և դարակները: Ասանժի սենյակում կա նաև վազքի մարզասարք, որով նա օրական 3-5 միլ ճանապարհ է «անցնում»:
Նա ասել է, որ հետևում է իր ֆիզիկական վիճակին: Սենյակում ցերեկային լույս է միացված, դարակում մարսողությունը կարգավորող դեղորայք ու վիտամին D կա:
WikiLeaks-ի հիմնադիրը նշել է, որ այդ փոքրիկ տարածքում ինքն ամեն ինչ ունի աշխատելու համար, չնայած շատ է կարոտում հարազատներին:
Ասանժը հայտնել է, որ աշխատում է օրը 17 ժամ, բայց շատ դժվարությամբ է քնում հսկող ոստիկանների պատճառով:







































