Ծրագրավորող Մարկ Ցուկենբերգի կողմից հիմնադրած Facebook ամերիկյան ընկերությունը սկսել է ակտիվ կերպով աշխատանք առաջարկել ռուս ծրագրավորողներին: Վերջին ժամանակները ռուսական առաջատար ընկերությունների մասնագետները Facebook ընկերությունում հարցազրույց անցնելու հրավեր են ստացել: Այս մասին հայտնել է IBS Group ընկերության նախագահ Անատոլի Կարաչինսկին:
«Նրանք, ովքեր մասնակցել են հարցազրույցին, պատմել են, որ իրենց առաջարկել են աշխատանք և տարհանում Ամերիկա»,- ասել է Կարաչինսկին:
Գործարարի խոսքերով` վերջին անգամ նա ականատես է եղել ռուս ծրագրավորողներին կանչելու նման զանգվածային գործողությանը 1998թ.: Այդ ժամանակ ծրագրի նախաձեռնողը Microsoft ընկերությունն էր:
Այն, ինչ տեղի է ունենում այժմ facebook ընկերության հետ, ապշեցրել է գործարարին: Կարաչինսկին նշել է, որ Facebook-ի ներկայացուցիչները դա անում են հրապարակավ, բացի այդ՝ Ցուկենբերգը մտադիր է հանդիպել ՌԴ վարչապետի հետ: IBS Group-ի նախագահի կարծիքով` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումը այդ գործընթացին տալիս է «որոշակիություն և լեգիտիմություն»:
Նշենք, որ Կարաչինսկին 10 անգամ ճանաչվել է Ռուսաստանի համակարգչային բիզնեսի ամենահեղինակավոր անձանցից մեկը:
Փորձագետները նշում են, որ Facebook-ը ռուսական շուկան դիտարկում է որպես առաջնային ուղղություն:








































