Այս իշխանությունների օրոք մարտիմեկյան սպանությունները չեն բացահայտվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի ԱԺ-ում Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Նա ասաց, որ անկախ նրանից, թե որ խմբակցությունն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս, կողմ են, քանի որ Մարտի 1-ի բացահայտումն անհրաժեշտություն է: «Եթե հանձնաժողովի անդամներն աղավաղեն իրականությունը, մենք կքննադատենք, շատ լավ կլինի, որ օբյեկտիվորեն սկսեն բացահայտման գործընթացը: Սա շատ ողջունելի նախաձեռնություն է, թեև ես գիտեմ, որ այս իշխանությունների օրոք մարտիմեկյան սպանությունները չեն բացահայտվելու»,- իր կարծիքը հայտնեց Ալլա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին
2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դնելու:










































