Լիբիայի նոր առաջնորդ Մուհամմադ Մագարիֆը, սեպտեմբերի 27-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությունից ներողություն է խնդրել նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի հանցագործությունների համար: «Ես այսօր կանգնում եմ Ձեր առջև, ամբողջ աշխարհի առջև, որպեսզի ներողություն հայցեմ այն կորուստների համար, որը բերել է բռնակալը, հանցագործության համար, որը նա իրականացրել է բազմաթիվ անմեղ մարդկանց դեմ, կտտաքների ու ահաբեկչությունների համար, որոնց նա մասնակից է եղել բազմաթիվ երկրներում»,- ասել է Մագարիֆը:
RBK-ի փոխանցմամբ` քաղաքական գործիչը նշել է, որ Քադաֆիի տապալումը անհնարին կլիներ, եթե չիներ Արևմուտքի օգնությունը:
«Հիմա շատերը հարցնում են` արժե՞ր աջակցել արաբական գարնանը: Ես ցանկանում եմ նրանց պատասխանել` իսկ ավելի լա՞վ կլիներ, եթե կոռումպացված բռնապետական ռեժիմները այդպես էլ շարունակեին տասնամյակներ մնալ իշխանության ղեկին` պատրաստ խախտելու մարդու հիմնարար իրավունքները: Նրանց պետք էր թողնել թալանե՞լ սեփական ժողովուրդներին` դրդելով որոշ հայրենակիցների դիմել… ծայրահեղականության»,-ասել է Լիբիայի նոր առաջնորդը, որը ստիպված է եղել իր կարճատև կառավարման օրոք ևս մեկ անգամ ներողություն խնդրել վերջերս Բենղազիում ամերիկացի դեսպանի սպանության համար:








































