«Սզնի» ՍՊԸ-ն կառավարության գործունեության ատկատների արդյունքում դեղերի շուկայում բոմժի կարգավիճակում է հայտնվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Սզնի» ՍՊԸ ղեկավար Գառնիկ Սահակյանը՝ խոսելով դեղորայքի շուկայում պետական գնումների և ոլորտում իրականացվող անօրինականությունների, մենաշնորհի մասին:
Համատեղ ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ հինգ տարի շարունակ «Ժառանգություն» կուսակցության անդամները պայքարել են ատկատների դեմ, ջրի երես հանել կոռուպցիոն դրսևորումները, որոշ խնդիրներ հաջողել են լուծել, բայց գլոբալ առումով խնդիրը չի լուծվել:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությանը՝ նա ասաց, որ խորհրդակցության ժամանակ ատկատների վերաբերյալ քննադատությունն ուշացած էր, իսկ ատկատների խնդիրը համակարգային է:
«Քանի դեռ մեր երկրում չի իրականացվում ազգային հարստության արդար և արդյունավետ բաշխում, թող որ մեր երկրի համախառն ներքին արդյունքը լինի միլիարդներ, այն նման է մի ընտանիքի, որտեղ բոլորը գողանում են: Միակ լուծումը կոռուպցիայի դեմ լրջորեն պայքարելն է», – նկատեց Ստեփան Սաֆարյանը:
Նա ներկայացրեց, թե ինչպես իրենց կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանի «Սզնի» ՍՊԸ-ն դարձավ ատկատների զոհը: Իր հերթին Գառնիկ Սահակյանն ասաց, որ այսօր նման ատկատների պատճառով իր ընկերությունը սնանկացման եզրին, դեղերի շուկայում բոմժի կարգավիճակում է հայտնվել:
Վերջինս հիշեց, թե ինչպես ընդունվեց «Պետական գնումների մասին» օրենքը, որն էլ բևեռացրեց դեղորայքի պետական գնումների շուկան:
«Առողջապահության նախարարությունը մինչ այդ օրենքի ընդունումը մի շարք պրեպարատների մրցույթներ էր անցկացնում կատարելության աստիճանի, իսկ այս օրենքից հետո շուկան սկսեց բևեռանալ:
Այդ օրենքն ընդունվեց, որպեսզի դեղորայքի գնման մրցույթներ չանցկացվեն, իսկ բյուջեն կառավարվի և փոշիացվի Բաղրամյան 26-ից: Շատ դեպքերում ես դեղորայքը բերում եմ մի գնով, իսկ «Նատալի Ֆարմ»-ն ու «Աստերիա»-ն` մի քանի անգամ բարձր գներով, բայց մրցույթում հաղթում են իրենք՝ այդպիսով դաշտում ստեղծելով մենաշնորհ և սնանկացնելով ընկերությունները»,- մեկնաբանեց «Սզնի» ՍՊԸ-ի ղեկավարը՝ հավելելով, որ իր համար նշանակություն չունի, թե ինչ պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, քանի որ աշխատանքից պետք է հեռացնեին ֆինանսների նախարարին, քանզի դեղորայքի շուկայում գողանալու սողանցքներն այդ աշխատակազմն է իրականացրել:
Ըստ նրա՝ Հակոբ Բեգլարյանը դե ֆակտո դեղերի գնման պրոցեսին չի մասնակցել. այսօր բուժհիմնարկներն իրենք են իրականացնում գնումները:











































