Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում միմյանց են բախվել թուրքական անվտանգության ուժերն ու Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները:
Նշվում է, որ թուրքական անվտանգության ուժերը դեռ երեկվանից են սկսել օպերացիաներ ձեռնարկել Իրաքի սահմանին ընկած այդ շրջանում: Նախնական տվյալներով՝ բախման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 4 զինծառայող: Թուրքական լրատվամիջոցի պնդմամբ՝ բախման հետևանքով վնասազերծվել է նաև 13 PKK-ական:
Հիշեցնենք, որ ներկայումս թուրքական մամուլը շարունակ նշում է, թե Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում՝ Հյուսիսային Իրաքում բազավորված PKK-ի զինյալների դեմ ցամաքային օպերացիա ձեռնարկելու համար, որը ստացել է «Աշնանային մաքրում» ծածկանունը:







































