Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք ճգնաժամային հարցեր: Խոսքը Սիրիայի, թուրք-իսրայելական հարաբերությունների, Իրաքի և հակաիսլամական ֆիլմի կապակցությամբ մուսուլմանական աշխարհում բարձրացած զայրույթի ալիքի մասին է:
Հանդիպման ժամանակ Քլինթոնը Դավութօղլուին հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում: Սակայն Դավութօղլուն Քլինթոնին հիշեցրել է, որ դրա համար անհրաժեշտ է ապահովել երեք պայման. Իսրայելը պետք է ներողություն խնդրի «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ 9 թուրք քաղաքացիներին սպանելու համար, փոխհատուցում վճարի, ինչպես նաև վերացնի Գազայի հատվածի շրջափակումը:
Քլինթոնը Դավութօղլուին շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կոչին՝ հակաիսլամական ֆիլմի թողարկումից հետո օգնել մեղմացնելու մուսուլմանների զայրույթը:








































