Ռուսական կողմն օգնել է ԱՄՆ-ին Սիրիայի իշխանությունների հետ կապ հաստատել քիմիական զենքի պահեստների պաշտպանության հարցով: Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անհանգստացած ենք այդ հարցով և այդ մտահոգություննները հասցրել ենք Սիրիայի կառավարությանը,- նշել է Լավրովը։- Հուսով եմ` մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մենք օգնել ենք ամերիկացի փորձագետներին կապ հաստատաել սիրիական կողմի հետ այդ հարցի շուրջ»:
Լավրովի խոսքով` Ռուսաստանը վստահեցում է ստացել, որ Սիրիայի կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ` իր քիմիական զենքի օբյեկտների պաշտպանության համար:
«Կարող ենք ասել, որ ներկայումս քիմիական զենքը անվտանգության մեջ է»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը և նշել, որ առավել մեծ վտանգը կապված է «Ալ-Քաիդա»-ի և ահաբեկչական այլ խմբավորումների, ինչպես նաև Սիրիայի ազատ բանակի առանձին տարրերի ձեռքում քիմիական զենքի հնարավոր հայտնվելու հետ:
Լավրովի խոսքերով` Սիրիայի ազատ բանակի առանձին տարրերը բացահայտ կոչ էին արել «Ալ-Քաիդա»-ին իրենց հետ համակարգել գործողությունները:











































