Հայաստանում գործող խաղատների ներկայացուցիչները երեկ խորհրդակցության են հրավիրվել վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ, որպեսզի կիսվեն իրենց մտահոգություններով: Նրանք անհանգստացած են, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխության արդյունքում իրենք ստիպված են լինելու հաջորդ տարվա սկզբից տեղափոխվել Ջերմուկ կամ Ծաղկաձոր, իսկ Երևանի շրջակայքում ստեղծվելու է մենաշնորհային վիճակ, եթե Երևանին ավելի մոտ` 40 մլրդ դրամից ավելի գումարով խաղատուն կառուցվի: Վարչապետը լսել է նրանց և նշել, որ վերջիններիս փաստարկները ճիշտ են: Նա հանձնարարել է հետաձգել օրենքի կիրառումը մեկ տարով և մշակել համապատասխան մոտեցումներ:
«168 ժամ»-ը գրում է, որ խաղատների տերերը, բնականաբար, գոհ հեռացել են կառավարությունից: Սակայն բոլոր խաղատներին չէ, որ այս մոտեցումը դուր կգա: Թեև խորհրդակցության ընթացքում կոնկրետ անուններ չեն նշվել, սակայն ակնհայտ է, որ խաղատները վտանգ են տեսնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող նոր համալիրի մեջ, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղում: Այնպես որ, երեկվա խորհրդակցությունը կարելի է համարել նաև Տ. Սարգսյանի պատասխանը ԲՀԿ-ի` իր հասցեին հնչող քննադատություններին:











































