Շվեյցարացի ռեժիսոր Միլո Ռաուն Գերմանիայում կբեմադրի մոնոներկայացում, որի շրջանակներում կընթերցվի նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի դատարանին արված ուղերձի վերախմբագրված տարբերակը: Ինչպես հաղորդում է Frankfurter Rundschau-ը, խոսքը ապրիլի 17-ին Բրեյվիկի ելույթի մասին է: Այդ ժամանակ դատավորի որոշմամբ նրա ելույթի բովանդակությունը չհրապարակվեց:
Ենթադրվում է, որ տեքստը կընթերցի թուրքական ծագմամբ դերասանուհի Սաշար Զոյդան: Ռեժիսորն ընդգծել է, որ ինքը փորձել է հնարավորինս վերացարկվել ահաբեկչի անհատականությունից: Ուստի հրաժարվել է դատարանի նիստը բեմադրելու գաղափարից: Փոխարենը դերասանուհին պարզապես սեղանի առաջ նստած կընթերցի տեքստը:
Ռաուի խոսքերով՝ բեմադրելով ներկայացումը՝ ինքը փորձել է ցույց տալ, որ ահաբեկչի եզրակացությունները շատ հարցերում համընկնում են Եվրոպայում տարածված պատկերացումների հետ: Նա նաև մեջբերել է Զոյդանի խոսքերը, որը ընթերցելով տեքստը, զարմացել է, որ այն ժխտման զգացողություն չի առաջացնում:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է երկու ներկայացում: Առաջինը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Վեյմարում, երկրորդը՝ հոկտեմբերի 27-ին՝ Բեռլինում: Երկու ներկայացմանն էլ կհրավիրվեն փորձագետներ, որոնց հետ հանդիսատեսը կարող է քննարկել ներկայացումը: Ներկայացման կազմակերպիչը Ռաուի հիմնած քաղաքական սպանությունների միջազգային ինստիտուտն է:
Հիշեցնենք, որ Անդերս Բրեյվիկը օգոստոսի 24-ին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման 2011թ. Նորվեգիայում կրկնակի ահաբեկչություն իրականացնելու համար, որոնց զոհ գնաց 77 մարդ:










































