Մոսկվացի ավտոլրագրող Սերգեյ Ասլանյանի դեմ հարձակում իրականացնելու կասկածանքով Չելյաբինսկի մարզում ձերբակալվել է մի տղամարդ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Մայրաքաղաքի քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են ենթադրյալ հանցագործին դեպքից 4 ամիս անց: Ռադիոհաղորդավարը սեփական շենքի միջանցքում հայտնվել էր դանակի հարվածների տակ՝ ենթադաբար Մուհամեդ մարգարեի դեմ կտրուկ հայտարարությունների պատճառով:
Իրավապահները պարզել են, որ ենթադրյալ հանցագործը հասցրել էր դուրս գալ Ռուսաստանի սահմաններից և թաքնվել հայրենիքում՝ Ղրղըզստանում: Սակայն օրերս խուզարկուները տեղեկություն են ստացել այն մասին, որ կասկածյալն անձնական գործերով եկել է Չելյաբինսկի մարզ: Անցած հանգստյան օրերին նրան ձերբակալել են:
«Ինչպես խոստովանել է ձերբակալվածը, նա իր զոհի հասցեն և հեռախոսահամարը գտել էր համացանցում, իսկ սովորական գրենական մկրատները, որոնցով նա հարվածներ է հասցրել լրագրողին, ձեռք է բերել հանցագործության վայր տարող ճանաարհի խանութից»,- պատմել է քննչական մարմնի ներկայացուցչը: Հանցագործության դրդապատճառների մասին ոստիկանությունում չեն հաղորդում:
Հիշեցնենք, որ ռադիոհաղորդավարի վրա հարձակումն իրականացվել էր մայիսի 29-ի երեկոյան: Անծանոթը զանգահարել էր Ասլանյանի ֆիքսված հեռախոսահամարին և նրան զրույցի կանչել: Երբ լրագրողը մոտեցել է անհուսալի հյուրին, նրա կողմից գլխին հարված է ստացել, այնուհետև՝ ևս 15 հարվածներ, ինչպես սկզբում հաղորդվում էր՝ դանակով: Հարվածելիս հանցագործն ասել էր. «Դու Ալլահի թշնամին ես»:
Տուժածը կարողացել է ինքնուրույն բժիշկ կանչել և նույնիսկ ոստիկանությանը հաղորդել տեղի ունեցածի հանգամանքները և հանցագործին բնորոշող նշաններ: Ասլանյանը հայտնել էր, որ նա նման էր միջինասիացու, ինչը հիմա հաստատվել է:
Սկզբում հարձակման հիմնական վարածը հանդիսանում էր ենթադրությունն այն մասին, որ մահափորձն իրականացվել է կրոնական ատելության հողի վրա: Բանն այն է, որ դեպքից 2 շաբաթ առաջ Ասլանյանը ռադիո «Маяк»-ի եթերում՝ «Центральный комитет» հաղորդման ժամանակ անզգույշ արտահայտություններ էր թույլ տվել Մուհամմեդ մարգարեի հասցեին: Նա հայտարարել էր, որ մարգարեն «արտագրել է Աստվածաշունը և լուրջ ֆինանսավորում ներդրել իսլամը ժողովրդականացնելու համար»:
Ասլանյանը առաջ էր քաշել նաև սրբի սեռական խանգարումների վարկածը՝ հայտարարելով որ միայն այդ կերպ կարելի է բացատրել մուսուլմանների շրջանում ընդունված բազմակնության գաղափարը:
Տուժած լրագրողը երկու շաբաթ անցկացրել է հիվանդանոցում, որից հետո վերաարձել է աշխատանքի:










































