Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է Հայաստանի արդարադատության նախարարություն` Հայաստանի տարածքում Դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ – կազակական բարեկամության և համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄՄ) կից:
Հիշյալ միավորումից ստացված հաղորդագրության համաձայն` Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) Ռուսաստանի 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է, Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից անցյալ տարի ընդգրվել է Կազակական կազմակերպությունների պետական ռեգիստրում: ԿԿԶ-ի զորական ատաման Վալերի Նալիմովը Ռուսաստանի նախագահին կից կազակության հարցերով խորհրդի անդամ է:
«Դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ավանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում, իսկ մեծ հաշվով` նաև ռուս և հայ ժողովուրդների միջև», – ասել է ՀԿ ԲՀՄՄ-ի նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարապետ Զադոյանը: