Անցած հանգստյան օրերին Մյունխենում մեկնարկել է աշխարհի ամենահայտնի գարեջրային փառատոնը՝ «Օկտոբերֆեստ»-ը: Այս տարի փառատոնը հյուրերին տհաճ անակնկալ է մատուցել գարեջրի ռեկորդային գներով՝ մեկ լիտրանոց բաժակն արժե 10 եվրո: Ոչ տոնական օրերին մեկ լիտրն արժե 6,60-8,80 եվրո:
Չպետք է մոռանալ, որ «Օկտոբերֆեստ»-ում ընդունված է առատաձեռն լինել թեյավճարների հարցում, այլապես մյուս բաժակին պետք է բավականին երկար սպասել: Այդպիսով՝ գարեջրի տոնին գարեջուր ըմբոշխնելը դառնում է թանկ հաճույք: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Նման բարձր գները քննադատության են արժանացել հասարակական կազմակերպությունների կողմից: Կազմակերպիչներն ու պանդոկատերերը գարեջրի բարձր գները կապում են մեծ ծախսերի հետ: Իշխանություններից պահանջվում է գարեջրի մեկ լիտրի առավելագույն գին սահմանել 7,10 եվրոն, որը տարեկան հնարավոր կլինի բարձրացնել առավելագույնը 0,15 եվրոյով: Այդ հարցում քաղաքական գործիչների մեծ մասը համաձայն է պանդոկատերերի հետ:
Գարեջրի ռեկորդային գները փառատոնի հյուրերի համար գլխավոր անհարմարավետությունը չեն: Մյունխենյան հյուրանոցների տերերը բաց չեն թողնում գարեջրի սիրահարների հաշվին հարստանալու հնարավորությունը: Ամենահասարակ հյուրանոցները իրենց համարների գները բարձրացնում են՝ հասցնելով 4 աստղանի հյուրանոցների գներին, իսկ վերջիններս էլ գնաբարձրացում են կատարում 850 տոկոսով:
Համեմատության համար նշենք, որ Մյունխենում փառատոնի ժամանակ Kempinski հյուրանոցի համարում գիշերն արժե 2 430 եվրո, մինչդեռ սովորական օրերին՝ 256 եվրո:
Ի դեպ, Մյունխենում «Օկտոբերֆեստ»-ի ժամանակ նույնիսկ աստղաբաշխական թվերով հնարավոր է կացարան գտնել: Հյուրանոցների համարները պատվիրվում են միջոցառումից մեկ տարի առաջ:
«Օկտոբերֆեստ»-ը Մյունխենին բերում է վիթխարի եկամուտ. հաշվարկված է, որ մեկ հյուրը քաղաքային բյուջեն օրական հարստացնում է 63 եվրոյով, այսինքն՝ 16 օրում հավաքվում է մոտ 435 մլն եվրո:
Ամեն տարի փառատոնին մասնակցում է շուրջ 7 մլն մարդ, որոնք խմում են 7,9 մլն լիտր գարեջուր, ուտում ավելի քան 520 հազար հավ և 120 ցուլ:











































