ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Ազգային գրադարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված թերություններին` ասաց, որ տխրում է` տեսնելով, որ գրքի մայրաքաղաքում այսպիսի վայրենի մոտեցում են ցուցաբերում Ազգային գրադարանի հանդեպ:
«Նախագահի խիստ գնահատականներին պետք է հետևեն խիստ գործողություններ, և դա լինելու է»,- վստահեցրեց Աճեմյանը:
Նա նշեց, որ ներկա փուլում շինաշխատանքներ են կատարվում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքում, որոնց ուղղությամբ պետք է պատշաճ վերահսկողություն սահմանվի` նախորդ դեպքերի կրկնությունը բացառելու համար:
«Մեր վերահսկողական կառույցները երևի իրենց աշխատանքն արդյունավետ չեն կատարում. ոչ թե վերջում պետք է արձանագրեն, այլ ընթացքում հետևեն և վերացնեն թերացումները»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ոչինչ չի կոծկում:
Կարինե Աճեմյանի ընդդիմախոս` «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի՝ կառավարությունում բարձրացրած հարցադրումները նորություն չէին: «Ինչո՞ւ միայն հիմա ասվեց: Դեղերի մասին միայն «Ժառանգություն»-ը երեք տարի շարունակ պայքարեց: Այսինքն՝ ինչ որ նախագահն ասել է, նորություն չէ»,- ասաց նա:
Անահիտ Բախշյանը Կարինե Աճեմյանին հորդորեց Սերժ Սարգսյանին փոխանցել, որ չարաշահումներ են արձանագրվել Արմավիրի և Արագածոտնի մարզերի գազիֆիկացման աշխատանքներում: «Մեծ գումարներ ծախսեցին, սակայն գազիֆիկացում չի կատարվել: Տասնմեկ համայնք պետք է գազիֆիկացվեր, մինչդեռ միայն մեկն են գազիֆիկացրել. գործը պրավալ է գնացել»,- ասաց Բախշյանը:
Նա այլ չարաշահումների մասին ևս խոսեց՝ նշելով, որ Արագածոտնի մարզում մարզպետը շինաշխատանքների մրցույթ է հայտարարում, մարզպետի եղբայրը շահում է մրցույթը, բայց գործը չի կատարվում:
Անդրադառնալով այն հարցին, որ նախագահի խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցադրումները ԲՀԿ-ի դեմ էին ուղղված, Կարինե Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ-ն հիմնականում ԲՀԿ նախարարների հետ է աշխատել, և այդ պատճառով է նման ընկալում ստեղծվել: Նրա խոսքով` նման միտում չկա, և որպես օրինակ բերեց այն, որ աշխատանքից ազատված Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը ԲՀԿ-ական չէ:








































