Պաղեստին պետության ստեղծման գործընթացը կարող է վտանգի տակ հայտնվել, եթե Պաղեստինի ինքնավարությունը միջազգային օգնություն չստանա՝ խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Պաղեստինի ֆինանսների նախարար Նաբիլ Կասիսը ՄԱԿ-ի գրասենյակում դոնոր երկրների հետ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև միջազգային ֆինանսական ինստիտունտների և միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նախարարի խոսքերով՝ դոնորների խոստացած ֆինանսական օգնությունը՝ 300 մլն դոլարի չափով, մինչ այժմ չի հատկացվել: Հաղորդվում է, որ այդ միջոցների մի մասը արգելափակվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից:
Կասիսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը հետագա քայլեր ձեռնարկել իսրայել-պաղեստինյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:









































