Լրագրողուհի Մաիրելիս Կուևաս Գոմեսը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում: Գործուղմամբ Մեքսիկայում գտնվող լրագրողուհին այնտեղից ուղևորվել է Մայամի: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն: Ըստ տեղեկությունների` 27-ամյա Գոմեսը աշխատել է Կուբային գլխավոր` Granma թերթում՝ որպես թողարկիչ խմբագիր:
Մայամիում բնակվում է նրա ընկերը, որի մոտ էլ նա ուղևորվել է: Սակայն դա նրա փախուստի միակ պատճառը չէ: Ամենայն հավանականությամբ, աղջիկը հիասթափվել է Կուբայի պաշտոնական լրագրությունից և Ազատության կղզու քաղաքական ռեժիմից:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Կուբայի պետխորհրդի փոխղեկավար Մարինո Մուրիլիոյի աղջիկը` Գլենդա Դիասն էլ էր փախել ԱՄՆ: Ներկայում նա բնակվում է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում: 24-ամյա լրագրողուհին սկզբում Կուբայից ուղևորվել էր Մեքսիկա, այնուհետև անցել ԱՄՆ:







































