Հոկտեմբերից Լոռու մարզում կգործի առաջին տուրիստական գործակալությունը` ANG Lori travel-ը`մոսկվացի գործարարների հովանավորությամբ: «Ռուսներ են, շատ շաhագրգռված են մարզում տուրիզմի զարգացմամբ, մանավանդ մեր քաղաքում: Ուղղակի ցավալի էր իրենց համար, որ Վանաձորի պես լավ, սիրուն քաղաքը այսպիսի վատ վիճակում է»,- ասում է գործադիր տնօրեն Գևորգ Վարդանյանը:
Lori travel- ը քայլարշավներ, էքսկուրսիաներ է կազմակերպելու միայն մարզի տարածքում: Ալավերդու տարածաշրջանը կօգտագործվի մշակութային, Ստեփանավան-Տաշիրը`գյուղական տուրիզմի նպատակով: Նախատեսվում է տուրիստների մասնակցությամբ նաև մարզային տոնական միջոցառումներ կազմակերպել` Լոռվա ձմեռ, Բերքի տոն: Լոռեցիներին կառաջարկվեն նաև տուրիստական փաթեթներ, օրինակ` Ամանորը Ծաղկաձորում կամ ծովափնյա երկրներում:
Ինչպես Գ. Վարդանյանն է նկատում, տուրիզմի զարգացումը կնպաստի համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը կամ նորերի ստեղծմանը: Այս առումով մյուս մարզերում աշխատանքեր իրականացվել են, օրինակ՝ Վայոց Ձորի մարզում բարեկարգվել են գյուղական համայնքների ճանապարհները: Իսկ Լոռին հզոր տուրիստական ռեսուրս ունի, բայց չի օգտագործում այն: Մարզում 3000-ից ավելի պատմամշակութային հուշարձան կա, բայց արշավների նպատակով գործում են միայն Սանահին-Հաղպատ-Ախթալա-Օձուն երթուղիները, մի քանի տուր-օպերատորների կողմից` նաև Քոբայրը` քայլարշավի նպատակով:
«Մարզում ունենք ևս մեկ պոտենցիալ՝ ռուսների համար նախատեսված՝ «ռուսական հետքերով». կան ռուսական եկեղեցիներ, որոնք այսօր անմխիթար վիճակում են: Պրիվոլնոյեի ռուսական եկեղեցին, որ շատ սիրուն է, փլուզման ենթակա է, տիրություն անող չկա: Մտածում ենք այդ կողմի վրա երթուղին զարգացնենք և հասույթից ինչ-որ չափով օգնենք եկեղեցուն»,- ասում է Գ.Վարդանյանը:
Լոռու մարզպետարանը տեղեկություն չունի, թե տարեկան քանի տուրիստ է գալիս Լոռի, քանի որ չի կատարում նման վիճակագրություն: Նոր միայն սկսել է հետաքրքրվել մարզում տուրիզմի զարգացման հեռանկարներով: «Ինչքան որ տեղյակ ենք մարզպետարանից, ֆրանսիացիերի հետ պետք է հանդիպենք`գյուղական տուրիզմի հետ կապված հարցերով»,- նշեց Գևորգ Վարդանյանը:
Հարցին`մարզպետարանը օգնում է նրանց`համագործակցության եզրեր հաստատելու, պատասխանեց. «Չգիտեմ, կարող է, իրենք ասացին`այդ հարցով ֆրանսիացիներ են գալիս մեր մարզ, էքսպերտներ»:
Մարզում հյուրանոցների քանակը չի բավարարում տուրիստների ներհոսքն ապահովելու համար: Բացի այդ՝ հյուրանոցային պայմաններն էլ չեն համապատասխանում տուրիզմի չափորոշիչներին: «Եթե սպասարկում էլ չկա, ում է պետք հյուրանոց բերես ու տուրիստներ կորցնես դրա պատճառով: Կամ`կարող են գումար կորզել. եթե սենյակը արժե 7000 դրամ, այդ պահին կասեն՝ 15000: Մատուցողները տարրական խոսելաձև չգիտեն: Մուննաթով» են խոսում ու սպասարկում»,- նկատում է Գ. Վարդանյանը:
Նրա խոսքով`քանի որ Lori travel-ը հիմնականում արկածային տուրիզմով է զբաղվելու, տուրիստներին կտեղավորեն վրաններում, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտվեն Թուֆենկյան (Ալավերդի տանող ճանապարհին) և Կիրովական հյուրանոցների սպասարկումից:









































