Հետաքննությունը, որը Լիլի դատախազությունը սկսել էր մայիսին, խմբակային բռնաբարությանը մասնակից լինելու մեջ կասկածվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի դեմ, մոտ ժամանակներս կփակվի: Գործով առանցքային վկան հրաժարվել է իր ցուցմունքներից: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:
Հրատարակության տեղեկություններով` Ստրոս Կանի մասնակցությամբ «սեքսուալ խաղերը» կատարվել էին կողմերի փոխադարձ համաձայնությամբ: «Քննությունը կարծում է, որ արել է ամեն հնարավոր բան և հավաքված նյութերն ուղարկել դատախազություն, որտեղ շուտով գործը կփակի»,- հայտնում է թերթը` չբացահայտելով ինֆորմացիայի աղբյուրը:
Մայիսին Լիլի դատախազությունը նախաքննություն էր սկսել 2010 թվականին Վաշինգտոնում անցկացված փակ երեկույթի հանգամանքների ուսումնասիրման նպատակով: Հիմք էին դարձել մարմնավաճառների ծառայության երկու աշխատակիցների ցուցմունքները, որոնց համաձայն` իրենց գործընկերները բռնաբարության են ենթարկվել Վաշինգտոնի հյուրանոցում, 2010-ի դեկտեմբերի 16-ին: Ստրոս Կանից բացի՝ խնջույքին կարող են մասնակցած լինել նրա շրջապատի մարդիկ` Ֆաբրիս Պաշկովսկին, Դավիդ Պոկեն և Ժան-Քրիստոֆ Լագարդը:
Քննությունն անցկացվել է այսպես կոչված «Կառլտոնյան գործի» շրջանակում` սկանդալի, որի առնչությամբ հետաքննություն է անցկացվել` կապված Լիլի «Կառլտոն» հյուրանոցում պոռնկության ապօրինի ցանցի ստեղծման հետ, որի մեջ կասկածվում էր նաև սկանդալային ֆինանսիստը:







































