Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը հայտնվել է երկու նոր սկանդալների կենտրոնում. կուսակցության անդամներից մեկը, որն Իտալիայում հայտնի է «Բեթմեն» մականվամբ, կուսակցության գումարները փոխանցել է արտերկրի բանկերի հաշիվներ, մյուսը` հին հռոմեական խնջույքների ոճով երեկույթ է կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Հռոմի դատախազությունը Լացիոյի շրջանային խորհրդի նախկին անդամ Ֆրանկո Ֆիորիտոյի դեմ քննություն է սկսել խարդախության գործով: Նրան կասկածում են պետական միջոցների հափշտակման մեջ: Ըստ տեղեկությունների` «Բեթմենը» կուսակցության գանձարանից 1,5 մլն եվրո է փոխանցել իր անձնական հաշիվներ:
Սկանդալը հանգեցրել է մի շարք պաշտոնաթողությունների. կասկած կա, որ Լացիոյի շրջկենտրոնի ղեկավար Ռենատա Պոլվերինին նախապես տեղյակ է եղել: Չնայած նա հերքում է մասնակցությունը գործին, սակայն չի բացառում հրաժարականի հնարավորությունը:
Որոշ ԶԼՄ-ներում հայտնվել են հին հռոմեական ավանդույթներով ճոխ խնջույքի լուսանկարներ և տեսանյութ: Խնջույքը կազմակերպել էին Բեռլուսկոնիի կուսակցության` Լացիոյի շրջանի խորհրդի անդամները: Կասկածելի դիրքերով պատկերված մասնակիցները եղել են հին հռոմեական տոգա հագուստներով, կրել են դափնեպսակներ և դիմակներ, գինին հոսել է գետի նման, իսկ սեղանները բեռնված են եղել զանազան ուտեստներով:
Խնջույքի կազմակերպիչ Կառլոս դե Ռոմանիսը պնդում է, որ այն կազմակերպել է իր սեփական միջոցներով: Անվտանգության մարմինները, սակայն, կասկածում են նրա խոսքերին և հայտարարել են հետաքննություն սկսելու մասին:
Սեռական բնույթի բազմաթիվ սկանդալներից հետո Բեռլուսկոնին ցանկանում է գարնանը կայանալիք ընտրությունների արդյունքներով վերադառնալ քաղաքականություն, սակայն կուսակցությունը վարկաբեկող նոր հրապարակումները կարող են մարել մեդիամագնատի հույսերը:









































