Եգիպտոսի Գերագույն վարչական դատարանը շաբաթ օրը երկու` միմյանց հակասող որոշումներ է ընդունել խորհրդարանը ցրելու մասին:
Հիշեցնենք, որ հունիս ամսին Եգիպտոսի Սահմանադրական դատարանը անօրինական էր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունները: Այդ ժամանակից ի վեր Պետխորհուրդը (Գերագույն վարչական դատարան) բազմաթիվ բողոքարկումներ է ստանում այս որոշման կապակցությամբ և լսումները նշանակում է սեպտեմբերի 22-ին:
Շաբաթ առավոտյան Գերագույն վարչական դատարանը որոշում է կայացրել հետաձգել երկրի խորհրդարանը ցրելը օրինական լինելու մասին լսումները մինչև հոկտեմբերի 15-ը: Դրանից մի քանի ժամ անց Պետխորհուրդը ընդունել է, որ Ազգային ժողովն արդեն դադարեցրել է իր գոյությունը 2012թ. հունիսին` Սահմանադրական դատարանի կայացրած որոշման համաձայն:
Եգիպտացի փաստաբանների մեկնաբանությունները Պետական խորհրդի` շաբաթ օրը կայացրած որոշման մասին հանգում են նրան, որ «սեպտեմբերի 22-ը դարձել է ամենաանհեթեթ օրը Եգիպտոսի դատական համակարգում»: Փաստաբաններին հետաքրքրում է, թե ինչ որոշում կկայացնի Պետխորհուրդը հոկտեմբերի 15-ին:











































