21 տարի առաջ շատ մեծ ոգևորությամբ ընդունվեց Անկախության հռչակագիրը: Անկախության շնորհիվ Հայաստանը հնարավորություն ստացավ ազատվելու սովետական տոտալիտարիզմից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արվեստագետ Արման Գրիգորյանը՝ շնորհավորելով Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձը և խոսելով դրա նշանակության մասին:
Ըստ նրա՝ անկախությունը, ազատությունը իրականում ինքդ քեզ նման լինելու հնարավորություն է` իբրև անհատականություն, իբրև ազգ: Անկախությունը Հայաստանի համար պետք է դառնար հենց այդ հնարավորությունը, իսկ մեր պետականությունը պետք է դառնար հենց այդ ազատության երաշխավորը, մեր պետականությունը պետք է ծառայեցվեր հենց դրա համար, որ մենք ազգովի լինեինք ազատ:
Արման Գրիգորյանի կարծիքով՝ այժմ ասել, թե այս 20 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ամբողջությամբ, լիովին դառնալ ազատ, չափազանցություն կլինի, որովհետև, ինչպես գիտենք, 90-ական թթ. կեսերից սկսվեց վերադարձը դեպի տոտալիտարիզմ, շարժը դեպի միանմանություն շատ ուժեղացավ:
«Նույնիսկ այնպիսի տպավորություն էր, որ մարդիկ չեն ուզում լինել ազատ, չեն ուզում, որ Հայաստանը անկախ լինի: Այս երկու տենդենցների պայքարն է, ու կարծում եմ` անկախության, ազատության գաղափարը պետք է հաղթի:
Շնորհավորում եմ մեր անկախությունը և մաղթում, որ այնպիսի երկիր ունենանք, որտեղ կցանկանան մարդիկ ապրել և կվերադառնան»,- եզրափակեց իր խոսքը արվեստագետ Արման Գրիգորյանը:










































