Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թեհրանում «Սրբազան պաշտպանության» շաբաթը բացվել է զորահանդեսով: Զորահանդեսն անցկացվել է իսլամական հեղափոխության ոգեշնչող, Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի մոտ:
Իրանի ռազմական նվաճումներն ի ցույց դնելուն նվիրված զորահանդեսին ներկա է գտնվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը երկրի հպարտության աղբյուր են.
«Մենք շնորհակալ ենք մեր զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին: Զինվորներին ու սպաներին կոչ եմ անում պատրաստ լինել հայրենի երկրի պաշտպանությանն այնպես, ինչպես որ 1980 թվականին էր, երբ իրաքյան զորքերի ներխուժումից հետո մեզ հաջողվեց պահպանել Իսլամական հեղափոխության նվաճումները: Իսլամական հեղափոխությունն ապստամբություն էր ոչ միայն բռնապետության, այլև՝ համաշխարհային գերիշխանության դեմ»:
Զորահանդեսից առաջ էլ Ահմադինեժադը ազգային հեռուստատեսության եթերում Արևմուտքին մեղադրել էր Իրանի հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, ինչպես նաև դատապարտել էր Մուհամմեդ մարգարեին վիրավորող ֆիլմի ու ծաղրանկարների տարածումը.
«ԱՄՆ-ի կառավարությունը ստում է՝ պնդելով, թե «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրությունը հանդիսանում է խոսքի ազատության դրսևորում: Տվյալ ֆիլմի գովազդը սիոնիստական դավ է, որի նպատակը մուսուլմանների շրջանում տարաձայնություններ առաջացնելն ու կրոնական տարբեր ուղղությունների միջև հակամարտության սադրումն է»:
Ահմադինեժադը հավելել է, որ Արևմուտքը երբեք թույլ չէր տա Հոլոքոսթի բազմամիլիոն զոհերի վերաբերյալ պնդումների քննադատության տարածում, մինչդեռ նա լռում է Մուհամմեդ մարգարեին վիրավորելու պարագայում: