Վրաստանում վերջին օրերին ծավալված դեպքերը հայտնվել են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Կալանավայրում կատարված տեսագրությունը, որից երևում է, թե ինչպես են կտտանքների ենթարկում դատապարտյալներին, Վրաստանում բողոքի բուռն ակցիաների տեղիք է տվել: Բանը հասել է այնտեղ, որ փողոց ելած մարդիկ սկսել են պահանջել երկրի նախագահի հրաժարականը:
«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. «Հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե նման տեսահոլովակ հայտնվեր մեզանում: Նախ, ոչ մեկի մտքով չէր անցնի մեղադրել արդարադատության նախարարին կամ, առավել ևս` երկրի նախագահին: Առնվազն կկանգներ բանտի պետին պատժելու հարցը: Բայց դա էլ չէր լինի, քանի որ մեր հասարակության մի հսկա հատված կարծում է, որ հանցագործների նկատմամբ բռնություններ կիրառելը նորմալ երևույթ է և արժանի չէ այդպիսի ուշադրության: Մեզանում անգամ նորմալ կհամարեին, որ բանտերում հայտնված անձանց արժանապատվությունն ու մարդկային իրավունքները ոտնահարվում են: Թերևս մեզ մոտ նման սկանդալներ չեն լինում ոչ թե այն պատճառով, որ մեր բանտերում իդեալական վիճակ է, և նման բռնություններ չկան, այլ որովհետև դրանց մասին տեղեկություններ չենք ստանում»:
Երկու օր է` թերթը փորձում է տեղեկանալ մի դատապարտյալի վիճակի մասին, որը զանգել էր «Հրապարակ»-ի թղթակցին և հայտնել, որ բուժկետում բռնության է ենթարկվել` բուժակն իրեն դանակահարել է (պատկերացնո՞ւմ եք` բուժելու փոխարեն ինքն է վնասվածք պատճառել): Բայց այդ մասին կալանավայրերի վարչությունից պատասխան ակնկալելն անիմաստ է, իսկ դատապարտյալի կինը խնդրում է չգրել, որ ամուսնուն վնաս չպատճառեն: Եթե Եվրախորհրդի անդամ դառնալիս կալանավայրերի դռները բացվեցին, և լրագրողների մուտքը թույլատրվեց, ապա հիմա գրեթե անհնարին է դարձել կալանավայր մտնելը:








































