Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին սեպտեմբերի 20-ին հայտարարել է, որ Թեհրանը հաջողությամբ մոլորեցրել է բրիտանական MI-6 հետախուզությանը, հայտնում է The Jerusalem Post թերթը` հղում անելով արաբական Al-Hayat հրատարակությանը դիվանագետի տված հարցազրույցին:
Սաիդ Ջալիլին, ով նաև Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն է, պատմել է, որ Թեհրանը միտումնավոր է գործակալներին սուտ տեղեկություն մատակարարել: Այսպիսով՝ Իրանը «պաշտպանել է» իր միջուկային կայանները և տնտեսական շահերը, ինչպես նաև դիմակայել է արևմտյան հատուկ ծառայությունների գործունեությանը:
Դիվանագետի խոսքով` ծուղակը ստացվել է. սխալ տվյալները փոխանցվել են ՄԱԳԱՏԷ-ին, որը զբաղվում է Իրանի միջուկային ծրագրի խնդրի կարգավորմամբ:
Իրանցի դիվանագետը չի հայտնել, թե հատկապես ինչ տեղեկությունների մասին է խոսքը: ԶԼՄ-ները Ջալալիի հայտարարությանը Լոնդոնի արձագանքի մասին չեն հայտնել:
Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիո Ամանոյի և Ատոմոյին էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասիի հերթական հանդիպումը: Բանակցությունների ժամանակ Ամանոն նորից Իրանին կոչ է արել համագործակցել կազմակերպության հետ: Անհամաձայնությունները պայմանավորված են նրանով, որ իրանական կոմը հրաժարվում է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ տալ մտնել ուրանի հարստացման կենտրոններ:
Մի շարք արևմտյան պետություններ, այդ թվում` ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարծում են, որ Իրանն ապօրինի կերպով զարգացնում է միջուկային ծրագիրը` ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Թեհրանը հերքում է մեղադրանքները` պնդելով, որ ծրագիրը խաղաղ նպատակ ունի:
Հիշեցնենք, որ Իսրայելը Թեհրանին սպառնում է ռազմական գործողությամբ, եթե Իրանը չսկսի համագործակցել արևմտյան փորձագետների հետ: Իրանն իր հերթին, ի պատասխան, խոստացել է հարվածել ոչ միայն Իսրայելին, այլև ԱՄՆ-ի բազաներին, որոնք տեղակայված են Բահրեյնում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում:







































