Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ժողովրդական պաշտպան (օմբուդսմեն) Գիորգի Տուգուշիին առաջարկել է զբաղեցնել Վրաստանի պատիժների իրականացման և իրավաբանական օգնության նախարարի պաշտոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հենց ինքը՝ Սաակաշվիլին.
«Ես ստացա նրա համաձայնությունն այդ պաշտոնը զբաղեցնելու հարցում: Ինձ համար հանցագործությունների ու բռնությունների մասին տեսանյութերի հայտնվելն իմ նախագահության ամենածանր օրերից մեկն էր: Բռնություններ գործած բոլոր անձինք պատժվելու են: Ես նախարար եմ նշանակում մի մարդու, որը եղել է այդ համակարգի ամենամեծ քննադատը:
Ես վստահ եմ, որ Գիորգի Տուգուշին կարող է շտկել քրեակատարողական համակարգի վիճակը և կարող է ամբողջովին բարեփոխել համակարգը, որը սխալ էր աշխատում: Հուսով եմ, որ ամբողջությամբ կվերափոխվի քրեակատարողական համակարգը»:
Գիորգի Տուգուշին իր հերթին հայտարարել է, թե չի սպասել, որ այդպիսի առաջարկ կստանա. «Ես օմբուդսմեն էի, և մենք քննադատել ենք բանտերում տիրող իրավիճակը: Սակայն ես ոչինչ չէի կարող անել, իսկ այժմ դա անելու իրական հնարավորություն եմ ստացել՝ հասնելու համար դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը: Ես մեծ փոփոխություններ անելու քարտ-բլանշ եմ ստացել նախագահից»:










































