Այսօր 150 ոստիկան հարձակվել է քաղաքապետարանի առջև բողոքի ցույցի դուրս եկած մոտ 30 կանանց վրա և հրմշտելով, բռնություն գործադրելով` հեռացրել քաղաքապետարանի առջևից: Ցուցարարների բողոքը ընդդեմ փողոցային առևտուրը արգելելու հրամանագրի էր:
Ոստիկանները, կանանց «լրբեր» անվանելով, ոտքի տակ են գցել:
Բռնության արդյունքում մի մեծահասակ կնոջ ոտքը կոտրվել է. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերջինիս տեղափոխել է հիվանդանոց: Ի դեպ, Փոստանջյանին ևս բաժին է հասել ոստիկանների հարվածներից. նրան հրել են և գցել գետնին:
Ցույցին մասնակցում էին նաև «Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը և Լարիսա Ալավերդյանը:
«Այս մարդկանց հարցերը պետք է նախապես լուծվեին: Պետք է նախօրոք որոշեին, թե ինչ միջոցներով են այս մարդիկ իրենց գոյությունը պահպանելու, նոր հետո փողոցային առևտուրը արգելեին: Եվ փոխանակ իշխանությունը շնորհակալ լինի, որ այսքան մարդ իր գլուխը պահում է և իրենց տված մի քանի դրամ թոշակով իրենց հույսին չի մնում, այդ էլ են արգելում»,- «Առաջին լրատվականին» ասաց Լարիսա Ալավերդյանը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք արդեն երկու ամիս է ցույցի են դուրս գալիս, հեռացան քաղաքապետարանի առջևից` նշելով, որ պատրաստվում են հաջորդ անգամ ավելի կազմակերված ձևով գալ ու պայքարել, մինչև կհասնեն իրենց ուզածին:
Հիշեցնենք, որ փողոցային առևտուրը արգելելու հրամանագիրը ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի երկուսից:
Մեր բոլոր տեսանյութերը կարող եք դիտել «ՏԵսանյութ» բաժնում` http://1in.am/arm/more_mvideo.html











































