Կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած հայտնի նիստն ու գործադիրին ուղղած կոշտ քննադատությունները դարձել են այս օրերի մամուլի և քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման: Եվ այդ քննարկումների ընթացքում հնչող հիմնական դիտարկումներից մեկն այն է, որ նախագահը շատ լավ գիտեր թե ինչ վիճակ է տիրում իր նշած գնումների, շինարարության ու դեղերի շուկայում: Որ շատ լավ գիտեր գոյություն ունեցող «ատկատների», դեղերի շուկայի մենաշնորհային վիճակի մասին, և որ գնումների գործընթացով ձեռք բերվող ապրանքների համար շատ հաճախ դրանց շուկայական արժեքից էլ թանկ է վճարվել:
Իշխող տեսակետներից մեկն էլ այն է, որ մեր երկրում վարչապետը չի կարող վերահսկել կամ կարգավորել այդ արատավոր երևույթները, եթե նույնիսկ ցանկություն ունենա: Իշխող տեսակետի համաձայն` նման լայնամասշտաբ գործընթացները վերահսկվում են նախագահի մակարդակով: Եվ այս համատեքստում հարց է առաջանում, թե ինչու էր Սերժ Սարգսյանն այդպես հրապարակավ «մուննաթ» գալիս կառավարության ողջ կազմի վրա: «Ես այդ անալիզի մեջ չեմ ուզում մտնել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հանրային պալատի նախագահ և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Ակնհայտ է, որ Հայաստանում գրեթե միշտ վարչապետները չեն կարողացել լիարժեք օգտվել Սահմանադրությամբ իրենց ընձեռված լիազորություններից: Եվ ՀՀ մայր օրենքը որքան էլ հավասարակշռի իշխանության օրենսդիր, գործադիր կամ նախագահի ինստիտուտները, միևնույն է, իրականության մեջ մեր երկիրը շարունակում է մնալ նախագահական համակարգում: Նույնիսկ Անդրանիկ Մարգարյանը, որն իր թիկունքին ուներ Հանրապետականի նման կուսակցություն, տնտեսության մեջ գլոբալ հարցերում չէր կարողանում կայացնել կտրուկ որոշումներ: Եվ քաղաքական շրջանակներում, երբ անդրադառնում են անկախ Հայաստանի 12 վարչապետների գործունեության անկախությանը, միշտ ընդգծվում է, թե որոշակի ազատություն ունեցել են Հրանտ Բագրատյանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը:
Այնուամենայնիվ, անկախության ի՞նչ աստիճան է ունեցել Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը, որը պաշտոնավարել է 1990թ. սեպտեմբերից 1991թ. փետրվարն ընկած ամիսներին: «Իմ ժամանակ գործող Սահմանադրության համաձայն` վարչապետի իրավունքներն անհամեմատ ավելի մեծ էին, քան հաջորդ եկող վարչապետներինը: Երկրորդը՝ ոչ մի վարչապետ էլ չի կարող իրեն լրիվ ազատ զգալ, որովհետև ժողովրդի հետ է կապված, տարբեր մարմինների, այդ թվում և` պառլամենտի հետ: Ամեն դեպքում նա պետք է քաղաքական ուժերի հետ հաշվի նստի: Ինքը անօդ տարածության մեջ չէ: Բայց համեմատելն անիմաստ է, շատ տարբեր Սահմանադրությունների մեջ ենք գտնվել: Անկախության մեր համեմատությունը ճիշտ չէ: Մենք տարբեր բաների մասին ենք խոսում, տարբեր Սահմանադրությունները տալիս են տարբեր իրավունքներ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Իսկ ինչպե՞ս է գնահատում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի անկախության աստիճանը: Արդյոք նա կարո՞ղ էր Սերժ Սարգսյանի թվարկած այդ չարաշահումները վերացնել, թե՞ կարող էր անել միայն այն ժամանակ, երբ դա թույլ կտար նախագահը: «Ես ինչպես կարող եմ գնահատել տարբեր մարդկանց ազատության աստիճանները: Անկախության աստիճանը որոշվում է Սահմանադրությամբ: Մնացածը ենթադրություններով է պետք խոսել: Ես չեմ ուզում ենթադրություններով խոսել»,- չցանկացավ կոնկրետ խոսել Վազգեն Մանուկյանը:
1993-96թթ. վարչապետ Հրանտ Բագրատյանի անվան հետ է կապվում ՀՀ տնտեսության ազատականացումն ու հիմնական բարեփոխումները, երբ մեր երկիրը ԽՍՀՄ-ի պլանային տնտեսությունից անցավ շուկայական տնտեսության: Իր գործունեության մեջ որքա՞ն անկախ է եղել Հրանտ Բագրատյանը: «Ես միշտ ինքնուրույն եմ եղել: Իսկ երբ տեսա, որ տարբեր նախարարների կողմից փորձ է արվում խախտել այդ ինքնուրույնությունը, բանը հասավ նրան, որ ես երկու անգամ Տեր-Պետրոսյանին դիմել եմ աշխատանքից ազատվելու համար, բայց նա ինձ չի ազատել: Չնայած այն բանին, որ այն ժամանակ գործող Սահմանադրությամբ նախարարները ենթարկվում էին անմիջապես նախագահին, և նրանց թույլ էին տալիս կառավարության նիստին չգալ, իրենց փոխարեն ես չէի թույլ տալիս, որ նիստին մասնակցեին նրանց տեղակալները: Ի վերջո, երբ 1996թ. սեպտեմբերին վերջնական դիմում գրեցի, գրեցի նրա համար, որ ես չեմ կարող այդպիսի ուժային բլոկի հետ աշխատել, որ նրանք պետք է ենթարկվեն վարչապետին: Որ նրանք չեն հասկանում ռեֆորմները և թույլ չեն տալիս՝ երկիրը համապատասխան ձևով առաջ գնա: Սա հայտնի վեճ էր, իսկ մինչև 1996թ. որքան աշխատել եմ, ինքնուրույն եմ եղել: Ես չեմ կարող ասել, որ նախագահը ավելորդ տեղը խանգարեր կամ իր իրավասությունները գերազանցեր: Իհարկե, պետք է հասկանալ նաև, որ այն ժամանակվա Սահմանադրության համաձայն` Հայաստանը նախագահական հանրապետություն էր: Նաև կարծում եմ, որ ես երբեք թույլ չեմ տվել ինձ գերազանցել իմ լիազորությունները ՀՀ նախագահի նկատմամբ: Դա շատ կարևոր է, որովհետև խոսքը պետության մասին է»,- ասաց Հ. Բագրատյանը:
Որքան անկախ է իրեն զգացել 1999թ. նոյեմբերից մինչև 2000թ. մայիսն ընկած 6 ամիսներին վարչապետ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այժմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այն ժամանակ թե՛ իր, թե՛ Հայաստանի համար բավականին բարդ իրավիճակում դարձավ վարչապետ: Դա հետևել էր հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններին, որի ժամանակ սպանվել էր նրա եղբայրը` վարչապետ Վազգեն Սարգսյանը: «Դա բացարձակ ուրիշ բան էր, այն ժամանակ «Միասնություն» դաշինքն էր, որը կարելի է համարել արդար ընտրությունների արդյունքում էր եկել իշխանության: Եվ իմ եղբայրը` վարչապետ Վ. Սարգսյանը, երբ ձեռքը խփում էր սեղանին, այդ զայրույթը ձևական չէր: Այն միտված էր խնդիրներ լուծելուն, և իրեն դա սազում էր: Ինչը չի սազում այսօրվա գործողներին, որովհետև դրա մեջ ձևն ու բովանդակությունը ուրիշ են: Իսկ իմ պարագայում՝ ես ունեի քաղաքական թիմ, ես վարչապետ էի քաղաքական թիմով: Այլ խնդիր է, թե այդ քաղաքական թիմն ինչ եղավ: Բայց ես վարչապետ էի, որն ուներ քաղաքական թիմ: Վերջին շրջանի վարչապետներն ուղղակի հաշվապահ են, հաշվետար են, որոնք իրենց հաշվապահությունը կամ լավ կամ վատ են անում»,- ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի շաբաթօրյա խորհրդակցությանը, ապա Արամ Սարգսյանի խոսքերով, նա ամեն երկուշաբթի ժամը 12:00-ից մինչև 14:00-ը հանդիպում է վարչապետի հետ և այդ բոլոր խնդիրները կարող էր քննարկել այդ հանդիպումների ժամանակ: Եվ այն խնդիրները, որ կուտակվել էին այս 4 տարիներին, չպետք է կուտակվեին և կարող էին լուծել: «Կա՞ կոռուպցիայի խնդիր Հայաստանում` իհարկե կա: Դեղերի շուկան կարգավորված չէ՞` իհարկե կարգավորված չէ: Բայց այդ խնդիրները լուծում են, ցուցադրական չեն անում: Եվ որպեսզի կարողանաս լուծել, նախ ինքդ պետք է արդար լինես: Եթե մարդը ընտրվում է կեղծված ընտրությունների արդյունքում, առավել ևս, որ այդ ընտրությունների ժամանակ 10 մարդ է զոհվում, և որից հետո տարբեր ուժերի հետ ձևական կոալիցիա ստեղծելով իշխանություն է պահում, դրանից հետո դեղ վաճառողից և կոռումպացված չինովնիկից, ովքեր իր համար քվե են գնել և ընտրություն կեղծել, պահանջում է գողություն չանել: Այդ համակարգը չի գործելու, այստեղ խնդիրը ոչ նախագահինը, ոչ էլ վարչապետինն է: Այստեղ գոյություն ունեցող համակարգի փակ շրջանն է, որը լուծումներ չունի, քանի դեռ Հայաստանում օրինական ընտրություններ տեղի չեն ունեցել»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:









































